Newsline.am-ը գրում է․
Թբիլիսիի քաղաքային դատարանում մեկնարկել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հեռակա դատավարությունը` պետական միջոցները յուրացնելու գործով: Apsny.ge-ի տեղեկացմամբ`նախկին նախագահի շահերի պաշտպան Օթար Կախիձեն ասել է, որ պաշտպանական կողմը ոչ մի առնչություն չունի առաջադրվող մեղադրանքի հետ և ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Միխեիլ Սաակաշվիլիի և նրա մերձավորների ունեցվածքի վրայից կալանքը հանվի:
2014 թվականի գարնանը Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել 5 մլն դոլարի չափ պետական միջոցները յուրացնելու մեջ: Մեղադրող դատախազները վստահ են, որ նշված գումարը նախկին նախագահը ծախսել է անձնական կարիքները հոգալու համար. հանգստի, ճամփորդությունների և այլն:
Եթե դատարանը Սաակաշվիլիին մեղավոր ճանաչի, ապա նա հեռակա կերպով կազատազրկվի 7 տարի 11 ամիս ժամկետով:
Նշենք, որ Վրաստանի նախկին նախագահն այժմ ղեկավարում է Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների խորհուրդը։ Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրաժարվել էր արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ որոշելով, որ նրան հետապնդում են քաղաքական դրդապատճառներով:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին և նրա թիմակից նախկին պաշտոնյաներին մեղադրում են նաև 2007թ. նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելիս լիազորությունների վերազանցման մեջ։