Թուրքիայի նախագահ Էրդողանն իսկական քաղաքական «ապերախտություն» է դրսևորել` նախատելով ՌԴ նախագահ Պուտինին Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման ու սգո պաշտոնական արարողություններին մասնակցելու և թուրքական պետության կողմից իր հայազգի հպատակների հանդեպ ցեղասպան գործողություններ իրականացնելու փաստը ճանաչելու համար: Բանն այն է, որ Պուտինի մասնակցությունը երևանյան միջոցառումներին, վստահաբար, ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններն էապես սահմանափակած շատ եվրոպական առաջնորդների ետ է պահել Երևան գալու և նախագահ Պուտինի հետ միևնույն ամբիոնից հանդես գալու մտքից: Այսինքն՝ միանգամայն հավանական է, որ եթե ՌԴ նախագահը Երևան չգար, ապա Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին անհամեմատ ավելի շատ պետությունների առաջնորդներ մասնակցեին: Միայն դրա համար նախագահ Էրդողանն արդեն իսկ պետք է երախտապարտ լինի նախագահ Պուտինին: Բացի այդ, այն տպավորությունն ունեցա, որ ՌԴ նախագահն օդանավից իջնելիս շատ սառը ողջունեց պարոն Սերժ Սարգսյանին և Ֆրանսիայի նախագահ Օլանդի օրինակով չփորձեց վերջինիս խեղդել իր ջերմ և անկեղծ գրկախառնությամբ: Այդ պահվածքով նա ընդգծեց, որ ՌԴ և ՀՀ գործող ղեկավարների միջև առնվազն անձնական մակարդակում որոշակի սառնություն կա, որի պատճառները դեռ պետք է բացահայտվեն: Այսպես թե այնպես, Թուրքիայի առաջնորդը նախագահ Պուտինին հանդիմանեց մի բանի համար, որի համար պետք է որ երախտիքի խոսքեր ասեր և երեսով տվեց ուկրաինական ճգնաժամի համատեքստում ռուսական կողմի գործողությունները: Այնուամենայնիվ, թերևս, Թուրքիայի առաջնորդի պահվածքը չի կարող հարգանք չներշնչել. նա կարողանում է ցանկացած իրավիճակից կորզել իր երկրի համար ցանկալի օգուտները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/985194171491495?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել