Կախաղանս պատրաստեք։
Եկել եմ այն եզրահանգման, որ Հայաստանի հետ կապ ունեցող հայերս ներկայումս մեծ հաշվող խնդիր չունենք Թուրքիայի հետ, կամ եթե ունենք, ապա այն արտաքին աշխարհից եկող խնդիրներից մեկն է, միգուցե առաջնայիններից: Մեր խնդիրը մեր մեջ է, մեր մտածելակերպի, մեր աշխարհահայացքի, ու խնդիրների մեծամասնությունը ենթագիտակցական է, կարմիր թելով տկարության, իսկ ավելի ճիշտ տկարամտության մասին է հիշատակում...
Նայեք ետ, վերջին 100 տարիների ամենալուսավոր կետը 88-ի շարժումն էր՝ իր երկու ձեռքբերումներով՝ Արցախյան հերոսամարտով ու անկախության հռչակելով, բայց տևական ժամանակ է՝ դրանք էլ ենք պղծում ու մսխում. անկախության զիջումը հիմնավորում ենք Արցախի պահպանմամբ, բայց իրականում արցախյան հերոսամարտում կերտեցինք անկախությունը…
Եվ այսօր մենք լուռ ենք, ու պուտինյան Ռուսաստանի կողմից իջեցված ուղղահայացներին չենք ցուցադրում դիմադրություն, որ չարժանանանք ռուս-թուրք-ադրբեջանական եռանկյունու սանկցիաներին. հատկապես մեր բերանները փակում են Ռուսաստանում խոպան գնալու հնարավորությունից չզրկվելու վտանգով, ռուսական գազից զրկվելու սպառնալիքով, ռուսական զորքի ու զենքի միջոցով «անվտանգության» ապահովմամբ և այլն…
Սա ճահիճ է, ժողովուրդ, գեղեցիկ կանաչով ծածկված ճահիճ։
Իսկ այս օրերին ողջ աշխարհը ողողվել էր հայկական օվկեանի ալիքներով՝ հիշեցնելով, որ 100 տարի առաջ պլանավորած ու իրականացրած Ցեղասպանությունը որքանով էլ որ խորը վերք է թողել, այնուամենայնիվ, մենք կանք ու ունենք վերածնվելու, վերագտնելու, արարելու ու մարտահրավերներ նետելու մեծ ներուժ… Բայց ներուժը դեռ գործ չէ, արդյո՞ք մինչ այժմ օգտագործել ենք այդ հնարավորության 10 տոկոսը, ոչ, մենք չունենք համընդհանուր նպատակ, իսկ բացառությամբ Ցեղասպանության ճանաչման հասնելն ամլության մասին է խոսում…
Ուզում եմ, որ գիծ քաշենք անցյալի ողբերգության ու ապագայի մեջ, բայց բնավ դա չի նշանակում, որ մոռանանք մեր ցավերը, Սևակը կասեր՝
Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանա,
Ջուխտ աչքով թող քոռանա...
Մոռանալն այլ է. բայց ես խոսում եմ ոտքի կանգնելու մասին, խոսում եմ նոր սերնդին ճիշտ դաստիարակելու մասին, պատմության սխալներն ընդունելու ու այն չկրկնելու մասին, ես պատրաստվում եմ տղաներիս պատմել Ցեղասպանության մասին, բայց տարբերվելու եմ մեյնստիմից: Թուրքը, 1000 տարի էլ անցնի, մնալու է թուրք, նրանցից շատերը ենթագիտակցորեն վայրագ են, ենթագիտակցորեն արյունարբու են, ու խնդիրը մեր մեջ է. մենք չենք փոխվում, մենք չենք ուզում հասկանալ, որ մեր թուլությամբ ենք դարձել նրանց որսը, մեր հավաքական անպատասխանատվության արդյունքն էր դա, և կարմիր գծով ընդգծելու եմ այն բոլոր դեպքերը, երբ դիմադրություն եղավ, և ունեցանք հաղթանակներ, քիչ կորուստներ… Իսկ հիմա ուրախություն ենք ապրում, որ աշխարհի մի պաշտոնյա արտաբերում է «Ցեղասպանություն» բառը, կամ հիասթափվում ենք, որ մի ուրիշ պաշտոնյա չի արտաբերում... Ինչո՞ւ...
Հասկացեք ինձ, չեմ ուզում, որ երեխաներս կեղծ պատմությամբ դաստիարակվեն, նրանք պետք է ընդունեն պատմության դասերը, բայց չպետք է մեծանան ցեղասպանվածի հոգեբանությամբ, նրանք ինչպես նախկինում, այսուհետ էլ կգնան Ծիծեռնակաբերդ, կխոնարհվեն անմեղ զոհերի հիշատակին, բայց կհասկանան, որ նախնիների սխալները կրկնելու դեպքում իրենց թոռներն էլ մի ուրիշ բլուրում կգան ծաղիկներ դնելու….
Եվ վերջում. ինչպես ամեն տարի ասել եմ, հիմա էլ կկրկնեմ. Թուրքիայի դրոշը վառելը հերսություն չի, մեր դրոշը հպարտությամբ կրելը, Հայաստանն ուժեղ պետություն դարձնելն է հերոսություն, հզոր գիտությամբ տնտեսություն զարգացնելն է հերոսություն, սեփական ժողովրդին սեփական հողում պահելն է հերոսություն, գիտությամբ սեփական բանակը զինելն է հերոսություն, աշխարհին մարտահրավեր նետելն է հերոսություն… Վառելու մեջ բարդ գործ չկա, սիրելի քույրեր և եղբայրներ, մի լուցկու կայծ, ու այն իրագործվում է… Բայց հատկապես Թուրքիայի դրոշը վառելով՝ վիրավորում եք այն թուրքերին, ովքեր մեր կողքին կանգնած են, ու ովքեր ավելի մեծ գործ են անում Ժխտողականության դեմ, քան դուք՝ այդ անպտուղ գործով…
Հիմա կարող եք իմ նկարն էլ վառել, քանի որ ես էլ շեղվեցի մեյնստրիմի ենթագիտակցությունից....