Magaghat.am-ը գրում է.
Իմ մենավոր դասամիջոցներից մեկի ժամանակ կանգնել էի դասարանի լուսամուտ ի դիմաց, երբ առաջին անգամ տեսա աբբա Ֆ-ին։ Անցնում էր բակով, գլուխը խոնարհած աղոթագրքի վրա, որը ժամանակ առ ժամանակ թերթում էր։ Կոյուղին էին նորոգում, և բացված փոսերի շուրջը թափթփված էր հազար տեսակ քար ու խիճ։ Քիթը խրած սուրբ գրքի մեջ, որի տառերն այնքան մանր էին, որ քայլվածքի սովորական երերումից կարող էին դառնալ անընթեռնելի, աբբա Ֆ-ն ճանապարհի քարոտ մասն անցավ առանց որևէ խիճ անգամ տեղից շարժելու։ Այնքան խորասուզված էր ընթերցանության մեջ, որ թվում էր, լրիվ կտրված է իրական աշխարհից, սակայն ոտքերը վարժ «սահում» էին և խոչընդոտներից խուսափելով գտնում լավագույն ճամփան։
Ավելի ուշ, երբ նրան տեսնում էի դպրոցի միջանցքներում թափառելիս, շարունակ խոնարհված աղոթագրքին, չէի կարողանում չհիշել նրա ճանապարհից խույս տվող քարերի փոքրիկ հրաշքի մասին։
Կրոնի առաջին իսկ դասից ակներևաբար զգալի դարձավ աբբա Ֆ-ի թշնամանքը «բարբարոս հերետիկոսի» նկատմամբ, որ ես էի։
Մեր գլուխները մանրազնին ուսումնասիրելուց հետո նշեց յուրաքանչյուրիս տեղը։
Առաջին շարքերն զբաղեցրին իր սիրեցյալ տղաները, որոնց ամեն անգամ, շինծու ժպտալով, հարցնում էր նրանց ծնողների թանկագին որպիսությունը։
Տարօրինակ էր այդ ժպիտը։ Շատ բարակ շրթունքները, թվում էր, բացվում էին զսպանակավոր սարքով, երևան հանելով լնդերը և կարճ ատամնաշարը։ Բայց ասես գայլիկոնով ծակված նրա խեցգետնային աչքերը խամրած էին և անմասն հոգու ուրախ կամ երջանիկ վիճակից, որ նա աշխատում էր արտահայտել։
Եվ այս դեմքի վրա, ուր բերանն ու աչքերը տարանջատված էին, ակամա հարց էր ծագում, թե ե՞րբ է վերջանում ժպիտը և երբ է սկսվում ծամածռությունը։
Երբ հասավ ինձ տեղավորելու հերթը, ես դեմ առա քար ու կապանի։ Նա մատն ուղղեց վերջին շարքի վրա և կարգադրեց, որ միշտ նստեմ այդտեղ։ Այսպիսով դատապարտված էի փոքրիկ, անհատական դժոխքի, դասարանի մնացյալ մասից անջատվելով դատարկ նստարանների երկու-երեք շարքով։ Մենակությունը, որ ի վերջո դարձել էր իմ հպարտությունը, հանկարծ դարձավ անտանելի ծանր, բարոյական այն կարանտինի պատճառով, որ ինձ ակներևաբար անջատում, մեկուսացնում էր մյուսներից։
Նրա մոտից անցնելիս, մինչ կհասնեի դասարանի խորքը, վերջին անգամ նրան տեսա մոտիկից։ Հայացքը վրդովմունք էր արտահայտում իմ անարժան ներկայության համար կաթոլիկ աստծո այս փոքրիկ զավակների մեջ։
Կրոնի դասը ավելի շատ հուշատետրի դեր էր կատարում և ամփոփում մտահայեցական հաստատումների մի ամբողջություն, որ անհրաժեշտ էր անգիր անել։ Մի կողմում դժոխքն էր, մյուս կողմում՝ դրախտը, որտեղ կարող էր առաջնորդել միմիայն կաթոլիկ կրոնը, քավարանում թույլ տալով մի կանգառ, իբրև հուսո հանգրվան վերջին ժամին զղջացողների։
Աբբա Ֆ-ի քարոզներում երբեք չէր հիշատակվում քրիստոնեական բառը, որ ընդգրկում էր իրեն շատ մերձավոր ուրիշ եկեղեցիներ նույնպես։ «Համարյա նրա նմանը» քեզ պաշտոնապես դասում էր հերետիկոսների շարքը։ Անտարակույս նա վախենում էր, որ կփլվի իր աղանդավորական դոգմատիզմի շենքը, եթե դուրս քաշվի ամենափոքր մի մասնիկ։
* * *
Աբրա Գ-ն շատ ավելի երիտասարդ էր և իմ աչքին՝ ավելի մարդկային։ Դպրոցում իմ ուսման ամբողջ ընթացքում նա միշտ անտեղյակ էր ձևանում, որ ես կաթոլիկ չեմ իծնե։ Երբեք չշոշափեց այդ խնդիրը։ Գերադասեց հեռու մնալ դրանից։ Նրա պարտականությունը երգչախմբի ղեկավարումն էր և եկեղեցական փոքրիկ երգչախմբի համալրումը նոր աշակերտներով։
Բոլոր դասարանների աշակերտները հինգ-հինգ կանչվեցին մատուռ, երգեցիկ ձայների ստուգման համար։ Անհրաժեշտ էր ֆիզհարմոնի նվագակցությամբ նույն վանկի վրա արտաբերել ամբողջ մի ձայնաստիճան՝ թավից մինչև ամենաբարձրը։ Ձայնալարերիս թրթռումները, հավանորեն, նրան գոհացրին։ Թեև գովասանքի ոչ մի խոսք չասաց, բայց նրա ուսի վրայից թաքուն նայեցի և նկատեցի, որ հարցաթերթիկիս համապատասխան որակավորումների դիմաց՝ ճիշտ երգեցողություն, լավ ձայն, հնչեղ, մաքուր, մեղեդային և այլն, խաչ է դնում։
Հարցրեց, թե արդյոք հաճախե՞լ եմ երգի դասերի։ Ժխտական պատասխան տվեցի, իհարկե աոանց նշելու, որ ամեն կիրակի երգում եմ Ստանիսլաս-Տորանի փողոցի փոքրիկ հայկական եկեղեցում։ Մեր ամբողջ դասարանից միայն ինձ ընդունեցին երգեցիկ ընտրանիի խմբում։ Մի տասնյակ հոգի էինք, խմբվում էինք աբբա Գ-ի ֆիզհարմոնի շուրջը՝ մատուռի խորքի նեղ ամբիոնի վրա։ Իսկ աբրա Ֆ-ն այդպես էլ երբեք չիմացավ, որ իր «Dominus vobiscum»-ին, «Et cum spiritu tuo» պատասխանողների թվում ես էլ կամ։ Մի շեշտաշարժ, այս անգամ աստվածանարգության դեմ, մեզ նախազգուշացրեց հակառակը։
Երկու օրհներգերի արանքում հայացքս գցեցի նստարաններն գբաղեցրած աշակերտներին և ցնցվեցի, տեսնելով, թե զինվորական ինչպիսի անողոք խստությամբ են կատարվում նրանց ակամա վարժությունները։
Շաչուկի չոր աղմուկը արձագանք տալով զնգում էր ականջներիս մեջ և ազդանշան էր տալիս մի մարդու նման վեր կենալ, նստել, չոքել։ Նյարդային կերպով շարժվող զանգակը ստիպում էր խոնարհել գլուխները, եթե զնգզնգոցները դառնում էին ընդհատ-ընդհատ, ուրեմն հարկավոր էր գլուխները հակել հատակին, իսկ զանգակի տևական ղողանջը թույլ էր տալիս նորից բարձրացնել դեմքերը։
Բալետի նման, վայրկենաբար կարգավորված արարողության մեջ, ջերմեռանդությունն ու ստիպողական կարգապահությունը միախառնվում էին անորոշ համաչափությամբ, քանի որ հարաբերությունն Աստծո հետ յուրաքանչյուր մարդու անձնական գործն է։
Եթե շարժումը բնազդական է, բնական ու պարզ, վեր է հանում խորապես ներշնչված մի հոգի, որ շտապում է բացահայտել իրեն։ Ցուցադրական շարժումը, ըստ պայմանական ծեսի, վերածվում է նշանակված ժամին կատարվող սրբազան մարմնամարզության, և ամեն մարդ կարող է ինքն իրեն հարց տալ, թե ինչպիսի անձնական զրույց ունեցավ աստծո հետ։
Ինձ թվում էր, թերևս հանիրավի, թե պատարագը պարզապես դպրոցական ծրագրի մասն էր, և մատուռից դուրս գալու պահից դարձյալ գտնում էի իմ փոքրիկ աշխարհը, որ առաջվանից ոչ ավելի լավն էր, ոչ էլ՝ վատը։