Նախկինում մի քանի անգամ անդրադարձել եմ այն իրողությանը, որ երրորդ հազարամյակի նախաշեմին Ռուսաստանի կառավարման ղեկը Ելցինից ընդունած քաղաքական թիմը, որի առաջնորդը դարձավ Վլադիմիր Պուտինը, գլոբալ աշխարհաքաղաքական միջավայրում կողմնորոշվելու հետ կապված լուրջ աշխարհայացքային բացեր ունի: Այդ բացերը թույլ չեն տալիս Ռուսաստանի հանդեպ արևմտյան մերժողականության հստակ ու ճշգրիտ գնահատականը տալ, ինչն, իր հերթին, լրջորեն խոչընդոտում է այդ երկրի զարգացման հեռանկարների ապահովման հետ կապված արդյունավետ որոշումների կայացմանն ու հակազդեցության ենթակա իրական մարտահրավերների չեզոքացմանը: Նախագահ Պուտինի առաջին երդմնակալության արարողության 15-ամյա տարելիցին նվիրված վավերագրական ֆիլմում Ռուսաստանի ներկայիս առաջնորդն ինքն է այլևս խոստովանում, որ և՛ Բորիս Ելցինն էր կարծում, որ վերացնելով Արևմուտքի հետ եղած գաղափարախոսական բնույթի տարբերություններն ու հրաժարվելով կոմունիզմ կառուցելու մտքից՝ Ռուսաստանը կկարողանա դառնալ արևմտյան հանրույթի իրավահավասար և ազդեցիկ անդամը, և՛ ինքն անձամբ էլ՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո որոշ ժամանակի ընթացքում նույն կարծիքին էր մնում, մինչև իրադարձությունների ընթացքը չստիպեց վերագնահատել այդ նախնական համոզմունքը: Ըստ նախագահ Պուտինի՝ իրենց համար պարզ է դարձել, որ բացի գաղափարական տարաձայնություններից՝ արևմտյան տերությունների համար գոյություն ունեն նաև գաղափարախոսական դաշտից դուրս գտնվող աշխարհաքաղաքական շահեր, որոնցով էլ նրանք առաջնորդվում են: Սա, անշուշտ, Ռուսաստանի բարձրագույն իշխանության վերին օղակի մակարդակում արված շատ կարևոր եզրահանգում էր, որը, թեև առաջին հայացքից կարող է միանգամայն տրամաբանական ու իրական թվալ, սակայն ամենևին համարժեք չէ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններին: Բանն այն է, որ այս գնահատականը կոչված է հաստատել և արդարացնել բազմաբևեռ աշխարհի կողմնակիցը հանդիսացող Կրեմլի ընդդիմությունը միաբևեռ գլոբալ տիրապետության բրիտանա-ամերիկյան կառավարման մոդելին: Այդ համատեքստում, նախագահ Պուտինի գնահատմամբ, Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է որպես թիվ մեկ մրցակից, որի կարողունակությունն անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել: Գիտեմ, որ շատերին գուցե ասածս առնվազն վիճելի թվա, բայց ես այն համոզմանն եմ, որ Ռուսաստանը երբևէ չի ունեցել նախագահ Պուտինի նման իր երկրի շահերին նվիրված, խելամիտ, հետևողական ու խիզախ ղեկավար: Մարդկայնորեն նրան շատ համակրում եմ, բայց նաև կարեկցում: Այդքանով հանդերձ՝ ստիպված եմ արձանագրել նաև, որ նրա կողմից հնչեցված այդ գնահատականները չեն արտահայտում իրականությունը, և դա կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել Ռուսաստանի համար մոտ ապագայում: Մեզ համար ևս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/984664381544474?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել