Դաշնակցական նախկին պատգամավոր |
Հայաստանի Հանրապետության անկախության 21 տարիների ընթացքում մեր քաղաքական բառապաշարում վստահաբար ամենաշատ գործածված բառը “բարեփոխում” -ն է։ Համաշխարհային բանկի, միջազգային տարբեր կառույցների դրամաշնորհներով ու ֆինանսավորմամբ և, անշուշտ, իշխանությունների “քաղաքական կամքով” բարեփոխել ենք առողջապահության ոլորտը, սոցիալական հիմնադրամ ենք ստեղծել, տասը և ավելի տարիներ եվրոպական կրթական դաշտին ինտեգրացվելու ուղեգիծ ենք որդեգրել, դատաիրավական բարեփոխումների մի քանի փուլեր ենք անցել, մեր օրենսդրական դաշտը եվրոպականին համարկելու պարտավորություններ են ստանձնել՝ օրենքների մի ճնշող մասը միջազգային փորձաքննություն է անցել և, թվում է, թե իրագործում ենք... .խոսքի ազատություն....ազատ մամուլ....բարեփոխված ընտրական օրենսգիրք... Իրապես, ոլորտ չի մնացել, որ անցած չլինի բարեփոխման թրի տակով.... Դժվար չի նաև ենթադրել, թե այս բարեփոխումներն ինչ են արժեցել՝ բառի ուղիղ՝ թվային պատկերով ու նաև բարոյական ընդգրկումով։
Զեկույցների, խորհրդատվությունների, մշտադիտարկումների ու հայեցակարգերի պակաս գրեթե չկա... Իսկ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետության հանձնառությունն էլ կա ու կա։
Այս ամենն իհարկե հրաշալի է...բայց իրականում որտե՞ղ ենք մենք։ Իսկ, թե իրականում որտեղ ենք մենք նույնիսկ մակրոտնտեսական ցուցանիշերի կամ խիստ մասնագիտական վերլուծությունների անհրաժեշտություն չկա։
Մինչ մենք “բարեփոխվում ենք”, այդպես էլ չհաղթահարելով անցումային շրջանը, ՀՀ բյուջեի մի լուրջ հատված լափվում –փոշինում է “ատկատչիկների ” կողմից, օլիգարխների մի հայտնի բանակ շարունակում է ամենաթողության ու ցինիզմի իր արշավը, իսկ հանրապետության ազգաբնակչության 30%-ից ավելին անցնում է պաշտոնական աղքատության եզրագիծը։
Հավանաբար առաջիկայում բարեփոխումների շարքին կդասվի և իբրև սոցիալական ձեռքբերում կներկայացվի քաղաքական մեծամասնության օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի 2013-ից հանրապետության նվազագույն աշխատավարձը 35000 դրամ կդառնա։ Շտապեմ ավելացնել, որ առաջին հայացքից տպավորիչ այս գումարը մոտ 20000- ով պակաս է կենսաապահովման նվազագույն զամբյուղից (նույնն է թե կենդանի մնալու գնից)։ Իսկ ...Հայաստանից հեռանում են, հեռանում...արտագաղթի ծավալները վաղուց են մեր ազգային անվտանգությանը սպառնալիք դարձել։ Հայաստանում մնացած համառներն էլ իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանությունը Եվրոպական դատարանում են փնտրում, ու ամեն անգամ անարդար վճիռ կայացրած դատավորի դիմաց պարտվում է Հայաստանի Հանրապետությունն ու մենք՝ հարկատուներս մեր միջոցներից վճարում ենք իբրև պարտված դատերի հատուցում։
Երբեմն մտածում եմ, թե թանձրացնում եմ գույները, անհամբեր եմ կամ անհավան։ Ինձ և շատերի ներշնչում եմ հավատալ, փոխվել. ի վերջո Հայաստանի հեռանկարին չհավատալու իրավունք ոչ մեկը չունի։ ՈՒ նաև դժվար է պարտվածի բեռով ապրելը...
Ու դարձյալ հերթական միջազգային զեկույցը. ըստ Freedom House-ի .Հայաստանը շարունակում է մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող «հիբրիդային» տիպի պետությունների շարքին, ընտրական գործընթացների` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության առումով ավելի վատ է, քան ավտորիտար պետությունների խմբին դասված Ղրղըզստանում։ Լրատվամիջոցների անկախությամբ նույն մակարդակին ենք, ինչ Տաջիկստանը:
Ըստ էության այս գնահատականները նորություն չեն մեր իրականության համար, ավելին՝ հենց այս շարունակվող և չփոփոխվող իրականությունն է համատարած անելանելիության ու բարոյական անկումի, անտարբեր ու սպառող քաղաքացու, ներքին պարտության ու հոռետեսության պարարտ հող ծնում։
Իսկ ազգի բարոյահոգեբանական վիճակը քաղաքական ուժի տարր է, երկրի քաղական որակների բաղադրիչ։ Կա արդյոք այս անհանգստությունը մեր քաղաքական- իշխանական վերնախավում, կա արդյոք գիտակցումը, որ ներքին պարտությունն ու հուսահատությունը ռազմավարական բացթողում է, ներքին իմունիտետի կորուստ... չեմ կարծում, վստահ չեմ։
Այս էլ քանի տարի կեղծված ընտրությունները մեր քաղաքական ավանդույթի անբաժանելի բաղադրիչն են, ողջ քաղաքական դիսկուրսը ոչ թե գաղափարների շուրջ է, այլ ամեն գնով իշխանություն պահելու և իշխանական կերակրատաշտին մոտ լինելու շուրջ: Ու այս ճանապարհին մենք չենք խնայում մեր քաղաքացուն՝ նրան ընտրակաշառք վերցնող, հանցակից ենք դարձնում։
Օսկանյանի հետ կապվածն անշուշտ պիտի դիտարկել նախագահական ընտրությունների համատեքստում, իսկ ուղերձը հստակ էր. իշխանության վերարտադրման տրամաբանությունից դուրս որևէ վարքագիծ, քիչ թե շատ ընդդիմադիր կեցվածք անընդունելի է։ Եվ անհագստացնողը բոլորովին էլ անձերը չեն, այլ այն քաղաքական մշակույթը, որի մեջ ապրում է Հայաստանը։ Արդյոք գիտակցվում է սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրների բեռն ու համապատասխան օրակարգ ձևակերպվում, եթե այո՝ ովքեր են դրա իրականացնողները։ Ի՞նչ Հայաստան ենք կառուցում, ու՞ր է գնում այդ երկիրը, նրա քաղաքացու իրավունքներն ինչպե՞ս են պաշտպանված, տագնապալի աշխարհաքաղաքական զարգացումների, պատերազմների, քաղաքական ճգնաժամերի մեջ մեր տեղն ո՞ւր է….
Սրանց լուծումներն անշուշտ մի կողմից քաղաքական, բարոյական ու ինտելեկտուալ հեղինակություն ունեցող իշխանություն են ուզում, մյուս կողմից հավասար իրավունքներով, ազգային ինքնագիտակցություն կրող քաղաքացիներ. Սահմանադրական պետության երկու կարևոր հենասյուները։
Կա արդյոք մեր իրականության մեջ բարոյահոգեբանական ու քաղաքացիական այն ներուժն ու մտածողությունը, որ միավորվի ու ՆՈՐ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ խնդիր ձևակերպի ու պարտադրի։ Դժվարանում եմ պատասխանել։
Առաջիկայում նախագահական ընտրություններ են՝ կկարողանան արդյոք ինչ-որ բան փոխելու հանձնառությամբ միավորվել քաղաքացիական ու քաղաքական առողջ ուժերը՝ թե քաղաքացիական ապատիայի ու ընդդիմադիր ուժերի անհանդուրժողականության արդյունքում դարձյալ թավշե սահունությամբ կվերարտադվի գործող իշխանությունը։ ՈՒ ինչպես հայտնի խաղում են ասում՝ հետո ՆԵՂԱՑՈՂ ՉԼԻՆԻ....