Մի տեսակ տարօրինակ մարդասիրություն է, ես կասեի՝ անգլոսաքսական մարդասիրություն: Այսինքն, կան իրենք՝ անգլոսաքսերը, իրենք տերն են աշխարհի, հրեաներն ու թուրքերն իրենց դաշնակիցներն են, իսլամիստներն էլ իրենց հաճախ պետք են գալիս, հետևաբար իրենք և իրենց պիտանի մարդիկ ունեն իրավունքներ, և այդ իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Մնացած բոլորը, ովքեր իրենցից չեն, իրենց դաշնակիցը, հպատակը չեն, իրենց պիտանի չեն, կարող են և ապրել առանց որևէ իրավունքների, ավելին՝ իրենց բարօրությունը պետք է կառուցվի մյուսների հաշվին, իրենց և յուրայինների իրավունքները պետք է պաշտպանվեն ոչ յուրայինների իրավունքների ոտնահարման հաշվին. ես այսպես եմ հասկանում բացարձակապես Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների ու գործընկերների շահերը սպասարկող՝ ՄԱԿ կոչվող կառույցի առաքելությունն ու որդեգրած ուղին:
Այս «մարդասիրությամբ» են նրանք տասնամյակներ շարունակ փորձում լվանալ աշխարհի տարբեր ժողովուրդների ուղեղները, և ես չեմ տեսնում որևէ խելամիտ բացատրություն, թե ինչու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կրկին խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: Շեղաչյա անգլոսաքսական տրամաբանությամբ՝ Պան Գի Մունն ասել է, թե 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն կոչելու համար պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել և Հռոմի պապի խոսքերն էլ որակել է որպես զգացմունքային: Ի՞նչ ուսումնասիրության մասին է խոսքը, երբ բազմաթիվ փաստերը վաղուց են ներկայացված, երբ դեռ կան կենդանի վկաներ: