PanARMENIAN.Net -ը գրում է.
Թուրքական «Քեմալիզմի գաղափար»միության (ՔԳՄ-ADD) Մերսինի մասնաճյուղի անդամները ցույցի են հավաքվել Աթաթուրք պողոտայում գտնվող Քեմամ Աթաթուրքի տան առաջ:
Թուրքական դրոշներ և Հայոց ցեղասպանությունը ժխտող պաստառներ ծածանող ցուցարարները Թուրքիայի խորհրդարանից պահանջել են օրենք ընդունել, որը քրեական պատասխանատվություն կնախատեսի «եղել է Հայոց ցեղասպանություն» արտահայտություն անողների համար:
Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, քեմալականներն առաջարկում են նման օրենք ընդունել` ի պատասխան բոլոր այն երկրների խորհրդարանների, որոնք քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը: Այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել նշյալ միության Մերսինի մասնաճյուղի ղեկավար Ֆիքրեթ Բաբուշը, հայտնում է Panorama. am-ը:
Շվեյցարիան, Հունաստանը, Սլովակիան և Կիպրոսը քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը:
Իսկ Ստամբուլում «Ակոս» հայկական շաբաթաթերթի մուտքի մոտ թուրք ազգայնական երկու խմբերի ներկայացուցիչներ սև պսակներ են թողել:
Ինչպես տեղեկացնում է «Ակոս»-ը, այսօր առավոտյան ժամերին ազգայնական երկու կազմակերպությունների երկու ներկայացուցիչներ «այցելել են» թերթի խմբագրության մոտ, հայտնում է Tert.am-ը:
Ավելի ուշ նրանք իրենց սոցցանցի հաշիվներում տեսանյութ են տարածել ու սպառնացել, որ «մի օր անսպասելի հայտնվելու են «Ակոս»-ում»:
Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915-ի դեպքերի վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարան, որտեղ այսօր «Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին» նվիրված արարողություն է տեղի ունեցել: «Պոլսո պատրիարքի փոխանորդ պարոն Արամ Աթեշյան, մեր հայ քաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը ևս մեկ անգամ հարգանքով հիշում եմ Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում զոհված բոլոր օսմանցի հայերին և ցավակցություններս եմ հայտնում նրանց երեխաներին ու թոռներին»,-ասել է նա:



