Newsbook.am-ը գրում է.
Ծիծեռնակաբերդում ավարտվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառման պաշտոնական արարողությունը։ Արդեն քաղաքացիները կարող են բարձրանալ Ծիծեռնակաբերդ և իրենց հարգանքի տուրքը մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշահամալիր են գալիս ճանաչված և սիրված մարդիկ։ Քիչ առաջ հուշահամալիր այցելեց նաև բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը։
Բռնցքամարտիկը հուշակոթողի մոտ ծաղկեպսակ դրեց և մեկ րոպե լռությամբ հարգեց 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Այնուհետև Վիկ Դարչինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները, որպեսզի ԱՄՆ-ն և այլ գերտերությունները ճանաչեն Ցեղասպանությունը, նա նկատեց, որ ԱՄՆ-ի մի շարք Նահանգներ արդեն ընդունել են Ցեղասպանությունը։ Նա հույս հայտնեց, որ կգա մի օր, որ բոլորը կընդունեն Հայոց ցեղասպանությունը, և աշխարհը կճանաչի հայերի նկատմամբ կատված ոճրագործությունը։
Բռնցքամարտիկը պատմեց, որ իր սպորտային կարիերայի ընթացքում մեկ անգամ է թուրք բռնցքամարտիկի հետ ռինգ բարձրացել։ Նա այդ ժամանակ նպատակ է ունեցել հաղթելու, որպեսզի ցույց տա, որ հայերը դեռևս կան, նրանք ուժեղ են և անպարտելի։ «Ես հպարտացա, որ կարողացա դա ապացուցել, որ այդ հաղթականը, ոչ թե Վիկ Դարչինյանի, այլ ամբողջ հայ ժողովրդին էր»,- եզրափակեց Դարչինյանը։