Մի կողմ դնենք դիվանագիտությունը, քաղաքականությունը, շահերը. ուղղակի մարդկային տեսանկյունից նայենք այս ամենին, տո ինչու ոչ` տղամարդավարի: Թուրքիայի կողմից Գալիպոլիի քեֆն ապրիլի 24-ին տոնելը մարդկային տեսակի վերջնական անկում էր: Հասկացանք, որ պապերիդ արածների համար չես ուզում ներողություն խնդրել, բայց քո արածն ամենացածր ստորությունն է: Քո հրավերն ընդունած երկրների շարքում մեծամասամբ աֆրիկյան երկրներ են, որտեղ մարդն արժեք չունի, դրանով իսկ ամեն բան ասված է, իսկ Անգլիան, ինչպես և 100 տարի առաջ, քո նման շարունակում է մեղսագործ մնալ: Ապրիլի 24-ն այն օրն է, երբ Հայաստան չգալու ցանկացած արդարացում, հատկապես բարեկամ երկրների ղեկավարների կողմից, հավասարազոր է վերոնշյալ ձևակերպումներիս: Հոգու խորքում մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մեր ցավը միայն մեր ցավն է, շնորհակալ ենք ցավակիցներին ու չենք մեղադրում անտարբերներին: Ուղղակի կա մի ոսկե կանոն` «եթե հարևանի տանը սուգ է, անբարոյականություն է դիտվում քո քեֆի արարողությունը»: ԱՄՆ-ն էլ վաղուց դադարել է երազանքի ու դեմոկրատիայի երկիր լինելուց, այնպես որ Օբամայի ճառն էլ վաղուց անհետաքրքիր է դարձել...
Մենք պիտի հպարտ լինենք ու գիտակցենք, որ մեր ցավը միայն մեր ցավն է: Մենք արդարություն չենք մուրում աշխարհից: 100 տարի առաջ մեր հետ կատարվածից ոչ ոք ապահովագրված չի: Թե երբ մեղավորները կկանգնեն արդար դատավճռի առաջ` միայն Աստծուն է հայտնի: Հուսամ միայն, որ ես կտեսնեմ այդ օրը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել