Հոկտեմբերի 25-ն առանձնացավ մի քանի արտակարգ և ցավալի դեպքերի գրանցմամբ: Դրանցից առաջինը Խանջյան 20 հասցեում գտնվող  կիսակառույց շենքի փլուզումն էր: Փլուզման հետևանքով ծանր և միջին կարգի վնասվածքներ էին ստացել 11 անձինք, որոնք աշխատում էին շինարարական բրիգադում: Առավել ծանր է տուժածներից մեկի վիճակը, որը գլխի սալջարդ է ստացել, սակայն բժիշկները վստահեցնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տեղեկացնեմ նաև, որ տվյալ շինության շինարարական աշխատանքները անօրինական են համարվում, քանի որ շինարարությունը պետք է ավարտվեր 2011 թվականին, սակայն երկարաձգման ո՛չ պայմանագիր և ո՛չ էլ պայմանագիր կնքելու վերաբերյալ քաղաքապետարանի հետ համաձայնություն չի եղել: Հաջորդ ցավալի դեպքը տեղի է ունեցել Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքում: Շենքի բեռնատար վերելակը բեռ իջեցնելու պահին պոկվել է. կա 2 վիրավոր և 2 զոհ: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ տվյալ բեռնատար վերելակը չի անցել փորձաքննություն, ուստի շահագործման իրավունք չի եղել: Արտակարգ ու ցավալի իրադարձությունների թվին կարելի է դասել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպը, որտեղ, ի նշան իրենց գործերով դատարանի  կայացրած որոշման դեմ բողոքի, դատապարտյալներից ոմանք հացադուլ էին հայտարարել: Դատապարտյալներից մեկը նույնիսկ կտրել էր իր ճկույթը և  ուղարկել «Հենարան» մամուլի ակումբի լրագրողներից մեկին՝ օգնություն խնդրելով, իսկ մի քանիսը կարել էին իրենց բերանները: Դեպքի վերաբերյալ տեղեկություն է հաղորդել ԱՆ-ի քրեակատարողական վարչության լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Վերջինս հաստատեց լուրը և հավելեց, որ դեպքի մասին լրացուցիչ տեղեկությունների դեպքում տեղյակ կպահի լրատվամիջոցներին: Արտակարգ դեպքերի շարքին կարելի է դասել ևս մեկ դեպք, սակայն այս դեպքը ես կբնորոշեմ որպես մարդու իրավունքների արտակարգ խախտման դեպք: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ Արտակ Նավասարդյանի՝ Ուլնեցու փողոցի 62 շենքի հարևանությամբ գտնվող և նրա ընտանիքի կողմից 12 տարի շահագործվող հացաբուլկեղենի բաժին են ժամանել վարչական շրջանի պաշտոնյաները` ոստիկանների ուղեկցությամբ, որոնք ցանկացել և համարյա քանդել են արտադրամասը: Նշեմ, որ շահագործողների  և նրանց ծանոթների խոսքերով` արտադրամասի տնօրենը մի քանի օր առաջ դիմել էր քաղաքապետարան՝ տարածքը սեփականաշնորհելու մասին դիմումով, սակայն մոտ 30 ոստիկանների ուղեկցությամբ ժամանած պաշտոնյաները չեն ներկայացրել ոչ մի պատասխան նամակ և ապամոնտաժման մասին ոչ մի ծանուցագիր՝ ասելով, որ հրամանը բանավոր է տրվել քաղաքապետարանի կողմից: Հավելեմ նաև, որ ոստիկանները հրել և գցել են գետնին մի տարեց կնոջ, ով ցանկացել է խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքներին. հարկ է եղել կնոջը օգնություն տրամադրելու համար դիմել շտապօգնություն:
  Ավարտելով ցավալի դեպքերի ամփոփումը՝ անցնեմ քաղաքական իրադարձություններին:
Այսօր լրագրողների հետ զրուցել և իր տեսակետն է արտահայտել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա, խոսելով երկրում տեղի ունեցող քաղաքական դեպքերի զարգացման մասին, նշել է, որ նախագահական ընտրություններին վերաբերող ինտրիգները հիմնականում ձևավորվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ: Ըստ քաղաքագետի՝ պայքար է շարունակվում այն հարցի շուրջ, թե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի որպես նախագահի թեկնածու, թե ոչ: Ա. Իսկանդարյանը նաև նշեց, որ եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից թեկնածու չառաջադրվի, ապա ընտրություններին որևէ այլ թեկնածուի և Սերժ Սարգսյանի միջև լուրջ պայքար ընթանալ չի կարող:
  Նախագահական ընտրությունների վերաբերյալ այսօր խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ՀԱԿ-ը ոչ մի դեպքում չի սատարի որևէ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի, և  ՀԱԿ-ը սատարելու է միայն իրենց թեկնածուին, և դա Լևոն Տեր-Պետրոսյանն է: Սակայն Ն. Փաշինյանի ելույթը հակասում է ՀԱԿ-ի մեկ այլ անդամի՝ Լևոն Զուրաբյանի արած հայտարարությանը, ըստ որի՝ հնարավոր է, որ ՀԱԿ-ը սատարի մեկ այլ, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստանի» առաջադրած թեկնածուին: 
  Այսօր լրագրողների հետ զրույցում ինքնառաջադրված, անկուսակցական ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խոսել է վերջերս տարածված լուրերի մասին, թե իբր ինքը Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և գործարար Բարսեղ Բեգլարյանի «մարդն» է: Է. Մարուքյանը ժխտել է այդ լուրերը՝ ասելով, որ դրանք ինչ-որ մեկի հիվանդագին ուղեղի հետևանքով են ծնվել, և իր հանդեպ սկսվել է սև PR ծավալվել: Իսկ վերջում էլ կես կատակ, կես լուրջ պատգամավորը շնորհակալություն է հայտնել անվճար PR-ի համար:
  Եվ վերջում. «Այսօր ԱԺ-ում 70 կողմ, 7 դեմ և 25 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվել է նվազագույն աշխատավարձի՝ 2500 դրամով բարձրացման մասին օրենքը»: Տեղեկացնեմ, որ ԱԺ-ը մերժել էր ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ տնտեսագիտական հաշվարկների շնորհիվ մշակված, առաջարկած օրինագիծը, ըստ որի՝ նվազագույն աշխատավարձը հնարավոր է բարձրացնել մինչև 72.500 դրամ՝ չնվազեցնելով պետբյուջեն:
 Այսօրվա համար նախատեսել էի այսքանը: Շնորհակալություն իմ ամենօրյա գրառումներին հետևելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել