Բոլորս գիտենք, որ Անդրկովկասի ազգերից ամենաշատը ԽՍՀՄ հերոսներ Խորհրդային Միության տարիներին տվել է հայ ժողովուրդը։ Շատերը գիտեն, որ այդ հերոսական հայորդիների թվում են եղել այնպիսի պանծալի կերպարներ, ինչպիսիք են Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը, Իվան Իսակովը, Նելսոն Ստեփանյանը, Հունան Ավետիսյանը... Սակայն, ցավոք, քչերն այսօր կարող են հիշել բոլոր այն 112 հայորդիներին, ովքեր արժանացել են բարձրագույն այս պարգևին Հայրենական պատերազմի տարիներին։
Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ BlogNews.am-ը մինչև մայիսի 9-ը ամեն օր կներկայացնի ձեզ մոռացված հայ հերոսների կենսագրությունները և այն սխրանքների նկարագրությունը, որոնց համար մեր հայրենակիցներն արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։
Սուրեն Արտյոմի ԱսլամազյանՍուրեն Ասլամազյանը ծնվել է 1914 թվականի մարտի 1-ին, Թիֆլիսի նահանգում գտնվող Կավտիսխեվի գյուղում ու մինչև պատերազմի սկիզբն առնչություն չէր ունեցել բանակի հետ։ Զորակոչվել է 1941 թվականին, իսկ գործող բանակում է եղել 1942 թվականի օգոստոսից՝ գվարդիայի սերժանտի կոչումով։
Սուրեն Ասլամազյանը Դաշտային ռազմաճակատի 110-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի հակատանկային դիվիզիոնի հակատանկային հրացանների ջոկի հրամանատար էր Դնեպրի համար մղվող մարտերի ժամանակ։ Նա աչքի ընկավ Դնեպրի աջ ափին՝ Կրեմենչուգ քաղաքի մերձակայքում գրավված պլացդարմը պահելու համար մղված մարտերի ժամանակ՝ 1943 թվականի հոկտեմբերին։
Այսպես, հոկտեմբերի 14-ին հակառակորդը 6 տանկերով ճեղքեց հրաձգային ստորաբաժանման պաշտպանությունը 177.1 բարձրության վրա, ու այդ մարտի ժամանակ Ասլամազյանը պահպանված միակ հակատանկային հրացանով կարողացավ ոչնչացնել 4 տանկ, իսկ երբ նրա խրամատին սկսեցին սողալով մոտենալ նացիստական զինվորները, չնայած նրան, որ վիրավորվել էր, նա շարունակեց մարտն այնքան ժամանակ, մինչև օգնությունը վրա հասավ, ու հետ մղեցին հակառակորդին։
1944 թվականի փետրվարի 22-ին իր առնականության, հերոսության ու խիզախության համար, որը նա դրսևորել էր ֆաշիստական զավթիչնների դեմ մարտնչելիս, գվարդիայի ավագ սերժանտ Սուրեն Արտյոմի Ասլամազյանն արժանացվեց ԽՍՀՄ հերոսի կոչման։
Պատերազմի հետո Սուրեն Ասլամազյանին զորացրեցին բանակից, ու նա մինչև կյանքի վերջ ապրեց իր հայրենի գյուղում։



