Newsline.am-ը գրում է.

Ապրիլի 20-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրված էր կառույցում Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի հարցի քննարկումը, ինչը պետք է տեղի ունենար այսօր:

Սակայն, Newsline-ի տեղեկություններով, ԵԽԽՎ Բյուրոյի՝ երեկ տեղի ունեցած փակ նիստի ժամանակ որոշվել է խնդրին անդրադառնալ տարվա վերջում: Այսպիսով, առնվազն մինչև տարվա վերջ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության նկատմամբ ավելի վաղ բանաձևով սահմանված պատժամիջոցները մնում են ուժի մեջ: 

Մեր տեղեկություններով՝ Բյուրոն հարցի քննարկումը հետաձգելու որոշումը հիմնավորել է գարնանային նստաշրջանում հարցի քննարկման նպատակահարմարության բացակայությամբ: 

Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 28-ին ԵԽԽՎ պատվիրակները 160 կողմ, 42 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ բանաձև էին ընդունել, համաձայն որի Ռուսաստանի պատվիրակության անդամները զրկվել էին ձայնի իրավունքից: Բանաձևի 15-րդ կետում նշված էր, որ ԵԽԽՎ-ը «հարցը կրկին կքննարկի գարնանային նստաշրջանի ընթացքում՝ Ռուսաստանի պատվիրակության իրավունքները վերականգնելու նպատակով, եթե Ռուսաստանը շոշափելի առաջընթաց գրանցի Վեհաժողովի պահանջների կատարման հարցում»: Նշենք, որ պահանջները հիմնականում վերաբերվում էին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:

Մեր աղբյուրները հայտնում են, որ Բյուրոն որոշում է կայացրել գարնանային նստաշրջանում չանդրադառնալ Ռուսաստանի պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների վերանայմանը և այդպիսով ուժի մեջ թողնել պատժամիջոցները, քանի որ Վեհաժողովը դեռևս միակարծիք չէ ռուսական պատվիրակության լիազորությունների հարցում: 

Հիշեցնենք, որ ի պատասխան հունվարի 28-ին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևին, Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել էր, որ իրենք մինչև տարվա վերջ բոյկոտում են ԵԽԽՎ-ի նիստերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել