Լավ է լինես մենակ, քան պատահած մեկի հետ:
Օ. Խայամ
Մենակությանը դիմակայելը և դրանից բավականություն ստանալը մեծ պարգևներ են:
Բ. Շոու
Շատ ժամանակ մենք փոձում ենք փախչել նրանից, ինչը իրականում մեզ շատ օգնում է: Մարդիկ դարերով փորձում էին փախչել մենակությունից կամ համակերպվել դրան: Չհամաձայնվողը անիծում էր իր մենությունը, համակերպվողը չէր նկատում, իմաստունը վայելում էր: Մենակությունը գոյություն ունի, հետևաբար՝ այն անհրաժեշտ է: Մարդիկ կարող են իրենց միայնակ զգալ, երբ ֆիզիկապես մենակ են գտնվում ինչ–որ տեղ, ամբոխի մեջ, անգամ սիրած անձնավորության կողքին: Մենակության զգացողությունը կախված չէ այն բանից, թե ձեր կողքին կա հարազատ, մոտիկ մարդ, թե ոչ, այն կախված է անձի կառուցվածքից:
Փորձենք հասկանալ, ովքեր են առավել հաճախակի իրենց միայնակ զգում:
Եթե բաժանենք մարդկանց ինտրովերտների և էքստրավերտների, ապա կարճ կարող ենք ասել, որ ինտրովերտը «մարդն է ինքն իր ներսում», այդ անձը կենտրոնացած է իր ներաշխարհի վրա, իսկ էքստրավերտը միշտ ձգտում է լինել մարդկանց մեջ: Մենակություն մարդկանց շրջապատում կարող է զգալ միայն ինտրովերտը: Էքստրավերտը անմիջապես լեզու կգտնի ցանկացած կնոջ և տղամարդու հետ, միշտ գոհ կմնա նոր ծանոթություններից: Էքստրավերտին ավելի հեշտ է ծանոթանալ դրսում, խոսեցնել մարդկանց, նրա համար կարևոր է տպավորություն ստանալը, և քանի իր շուրջ կան մարդիկ, նա երբեք իրեն միայնակ չի զգա: Իսկ ինտրովերտի համար կարևոր է, որ իր կողքին լինի սիրելի անձնավորությունը: Ինտրովերտի համար կարևոր է ոչ միայն զրույցը ընկերոջ հետ, այլև այն բանի գիտակցումը, որ նա ունի ընկեր, ում հետ կարող է կիսվել և դժվար պահերին հույս դնել իր վրա: Բայց ինչպես հայտնի է մաքուր էքստրավերտներ և ինտրովերտներ չկան, ցանկացած մարդ ունի էքստրավերտի և ինտրովերտի որակներ, այստեղ կարևոր է ամեն մեկի քանակային հարաբերակցությունը: Այդ պատճառով ցանկացած մարդ գոնե մեկ անգամ իրեն մենակ է զգացել:
Այստեղ շատ հետաքրքիր է նշել, որ մեծ քաղաքները սահմանում են բոլոր ռեկորդները՝ ըստ միայնակ մարդկանց քանակի: Մեծ քաղաքները բաժանում են մարդկանց, ոչ թե միացնում:
Իսկ որտեղի՞ց է գալիս մենակությունը:
Կյանքի առաջին տարիներին երեխան շրջապատված է մայրական հոգատարությամբ, նա խաղում է երեխաների հետ և չի ունենում մենակության զգացում, նա միաձուլված է շրջապատող աշխարհի հետ և ինքն իրեն դիմում է երրորդ դեմքով: Եվ միայն այնժամ, երբ ինքն իրեն սկսում է դիմել «ԵՍ», նա սկսում է տարբերել իրեն մյուսներից, հասկանում է, որ նա այնպիսին չէ, ինչպես մյուսներն են, և նրա մոտ ձևավորվում է հարաբերությունների համակարգը, այսինքն՝ բնավորությունը: Հենց այդ ժամանակ էլ առաջանում է մենակության զգացումը: Ճիշտ դաստիարակության պարագայում, երբ երեխան ազատ ձևավորվում է, մենակության զգացումը իր մոտ այդքան արտահայտված չի լինում, իսկ նևրոտիկ բնավորության ձևավորման պարագայում, երբ ծնողները կասեցնում են երեխայի զարգացման ուղղությունը, և ստիպում են երեխային անել այն, ինչ իրենք են ուզում և ինչը հակասում է երեխայի բնույթին, ապա երեխայի մոտ առաջանում է հուզական լարվածություն: Վերջինս կապված է այն բանի հետ, որ մի կողմից երեխան սիրում է ծնողներին, նրանք անում են իր համար անհրաժեշտ ամեն ինչ, իսկ մյուս կողմից երեխան պայքարում է ծնողների դեմ այն բանի համար, որ իրենք թույլ չեն տալիս իրականացնել իր երազանքները: Պայքարը ծնողների դեմ ընդունելի չէ գիտակցության համար, և առաջանում է տագնապ, իսկ վերջինս արտամղվում է դեպի անգիտակցական: Սկսում են ձևավորվել տարբեր հոգեբանական մեխանիզմներ, դրանցից մեկն է սոցիալական ընդունելի դերը: Գիտակցության մեջ մնում է մենակության զգացումը՝ չհասկացված լինելու զգացումը, որը հետագայում կարող է ուղեկցել երեխային ողջ կյանքի ընթացքում, եթե անգամ իր շուրջ շատ մարդիկ կան:
Մենակությունից փախչել հնարավոր չէ, ավելի լավ է այն օգտագործել հօգուտ սեփական անձի, անձնային աճի և զարգացման համար: Շատ մարդիկ ձգտում են շփման, ուզում են ավելի շատ շփվել, քան իրենցից կենսաբանորեն պահանջվում է, արդյունքում շփումը լինում է դատարկ, ժամանակ է սպանում: Պետք է շփվել այնպես, որ նպաստի անձի զարգացմանը: Փոխազդելով մարդկանց հետ՝ պետք է շփվել ոչ թե վերցնելու համար, այլ շփվել տալու համար: Նման շփումը տեղի է ունենում կրթության, ստեղծագործելու և համագործակցության մեջ:
Մենակությունը վտանգավոր է նրանով, որ շատ ժամանակ այն չի նկատվում, մինչև չես մնում միայնակ ինքդ քեզ հետ: Երբ գալիս է գիշերը, մութն ընկնում է, դատարկվում են փողոցները, ընկերները գնում են տներով, և հեռախոսը այլևս չի զանգում, այնժամ մենք գիտակցում ենք մեր մենակությունը: Կարևոր է հիշել, որ մենակությունը միշտ չէ, որ չարիք է: Լինում են իրավիճակներ, երբ անհրաժեշտ է մնալ մենակ, սեփական մտքերի հետ, մտածել, որոշումներ կայացնել, ի վերջո հոգեպես վերականգնվել և վերականգնել կոնտակտն սեփական անձի հետ: Սակայն երբ մենակությունը ձգձգվում է անկախ ցանկությունից, և մարդը սկսում է տառապել, այնժամ կարող ենք խոսել մենակության խնդրի մասին: Եթե մարդը զրկված է իր համար նախատեսված շփման և տպավորությունների քանակից, ապա իր մոտ կարող են առաջանալ հոգեբանական և սոմատիկ բնույթի խնդիրներ: Մենակությունից տառապելը մոտիկ մարդկանց, ջերմ շփման, նոր ինֆորմացիայի և տպավորությունների պակասի արտահայտումն է:
ԵԹԵ ԴՈՒՔ ՁԵԶ ՄԵՆԱԿ ԵՔ ԶԳՈՒՄ, ՄԻ ՏԱՌԱՊԵՔ ԴՐԱՆԻՑ, ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԳՈՐԾԵՔ, ՄԻՇՏ ՁԳՏԵՔ ԴԵՊԻ ՆՈՐԸ, ՓՆՏՐԵՔ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ՆՈՐ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՈՒ ՈՉ՝ ՆՈՐ ԸՆԿԵՐՆԵՐ, ՁԳՏԵՔ ԴԵՊԻ ԿՅԱՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԱԽԵՑԵՔ ԴՐԱՆՑԻՑ, ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՎԱՏՔՈՎ ԼՑՎԵՔ ԴԵՊԻ ԼԱՎԸ ԵՎ ՄԻՇՏ ՀԻՇԵՔ, ՈՐ ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՀԵՆՑ ԴՈՒՔ ԵՔ...
Նյութը սիրով Ձեզ համար պատրաստել է սոցիալական հոգեբան Սուսաննա Ավետիսյանը:



