Ժամանակին Կարեն Դեմիրճյանն իր մեծ քաղաքականություն վերադառնալը պայմանավորեց նրանով, որ երկիրը հայտնվել էր փոսի մեջ, և ինքը չէր կարող անտարբեր լինել: Պետք է գար ու այն փոսից հաներ: Դժվար չէ հասկանալ, որ երկիրը փոսն էր գցել Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ այդ ժամանակ և նախորդող տարիներին նա էր ՀՀ նախագահը: Իսկ նրա կենսաբանական ու քաղաքական ժառանգորդը՝ Ստեփան Դեմիրճյանը որոշ ժամանակ անց գնաց ու կանգնեց երկիրը փոսը գցողի կողքին, չմոռանալով բարձրաձայնել, որ հոր կիսատ թողած գործն է շարունակում: Մի՞թե:
Լևոն Տեր-Պետրսոյանն իր մեծ քաղաքականություն վերադարձը հիմնավորեց նրանով, որ սա երկիր չէ, այլ ավազակապետություն, և ինքը չի կարող ձեռքերը ծալած նստել: Գալու է ու մեզ փրկի այս ավազակապետությունից: Իսկ այդ ժամանակ ՀՀ նախագահը շուրջ մեկ տասնամյակ Ռոբերտ Քոչարյանն էր: Սակայն դրանից որոշ ժամանակ անց Տեր-Պետրոսյանի գաղափարական ժառանգորդը՝ Լյովիկ 2-րդը, ուզում է միանալ Քոչարյանի հետ, որպեսզի տապալի Սերժ Սարգսյանի իշխանությունը: Միթե-2:
Իսկ հիմա եթե կարող եք այս աբսուրդը վերծանել, ապա վստահաբար կարող եք և՛ երկիրը փոսից հանել, և՛ ավազակապեըության ավգյան ախոռները մաքրել և՛ անգամ գորդյան հանգույցը հանգուցալուծել՝ առանց կտրելու.
Ստեփան Դեմիրճյանը կանգնել է մի մարդու կողքին, ով երկիրը ժամանակին փոսի մեջ է գցել, ինչի դեմ հայրը պայքարի մեջ մտավ, արդյունքում զոհվեց: Այնուհետև տարիներ շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ պայքարեց Քոչարյանի ստեղծած ավազակապետության դեմ, որպեսզի հիմա` ընկնելով Լյովիկի խելքին միանա Քոչարյանին, ում դեմ ժամանակին պայքարել են և ինքը և իր հայրը, որպեսզի երկրում հաստատի ժողովրդավարական կարգեր:
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Բայց ոչ նրա համար, որ ամեն ինչ պարզ է, այլ հենց նրա, որ ոչինչ էլ պարզ չէ, ի՞նչը մեկնաբանենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել