Newsline.am-ը գրում է.

Ըստ Միավորված Ազգերի կազմակերպության` 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի` որևէ  ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված համակարգված ոչնչացում հետևյալ կերպով՝

  • Խմբի անդամների սպանություն,
  • Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
  • Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
  • Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
  • Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը։

2015-2015: Հայոց ցեղասպանությունից  100 տարի անց ապրիլի 24-ին ողջ հայությունը կրկին սպասելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթին` պատճառը 20-րդ դարում հայերի նկատմամբ իրականցված գործողությունների բնորոշումն է:

Հատկապես ապրիլի 24-ին հասարակության ուշադրության կենտրոնում երկրների առաջին դեմքերի հայտարարություններն  են, սակայն աշխարհի ուշադրության կենտրոնում միշտ ԱՄՆ նախագահներն են լինում:

ԱՄՆ և ոչ մի նախագահ մինչև օրս չի ասել ցեղասպանություն բառը, և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեծապես կախված է ԱՄՆ-ի ճանաչումից:

1965-ին Կալիֆոռնիա նահանգի Օրենսդիր ժողովն ընդունեց Ասամբլեայի թիվ 274 բանաձևը, որում ասվում էր. «50 տարի առաջ՝ 1915-ի ապրիլի 24-ին, Թուրքիայի կայսրության կառավարությունը, իբրև Կենտրոնական դաշինքի երկրների դաշնակից, սկսել է հայ ազգի բնաջնջման սիստեմատիկ ծրագիրը: 1915- 1918թթ. Թուրքիայի ցեղասպանության ընթացքում ողջ հայության կեսն իր բնակավայրերից  քշվել է դեպի Սիրիայի անապատները և սպանվել կամ աննկարագրելի սարսափներ է կրել: Մարդկության պատմության մեջ չի եղել ոչ մի իրադարձություն, որն այսքան հիմնովին գրավի աշխարհի ժողովուրդների սրտակցությունը, սակայն որն այսքան շուտ մոռացվի, ինչպես հայերի թուրքական ցեղասպանությունը: 1915թ. Հայկական կոտորածի հիշատակի այս օրն աշխարհը պետք է դադար տա՝ խորհելու պատմական դասերի և նրանց համամարդկային նշանակության մասին»:

Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում նախագահի մակարդակով հանդես գալու հիմքը դրվել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի պաշտոնավարման ժամանակաշրջանում:

1994 թվականից մինչ օրս յուրաքանչյուր ապրիլի 24-ին ԱՄՆ-ի` արդեն երեք նախագահները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության  մասին ելույթով:

 1994-ին Բիլ Քլինթոնը ապրիլի 24-ին խոսեց Հայաստանի պետականությունից, Թուրքիայի հետ հարաբերություններից ու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումից:

 Բիլ Քլինթոնին ուղերձները գրեթե անփոփոխ բովանդակությամբ շարունակեց նրան հաջորդող նախագահ Ջորջ Բուշը: Բուշը ևս ապրիլի 24-ին հիշեց հայոց պետականության, հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման մասին: Սակայն ԱՄՆ նախագահների նախընտրական խոստումները միշտ տարբերվում են իրական ուղերձներից:

2000-ի փետրվարին նախագահի թեկնածու Բուշ կրտսերը Միչիգանի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում խոստացել էր ընտրվելու դեպքում իրերը կոչել իրենց անուններով և 20-րդ դարասկզբի ողբերգությունը որակել Հայոց ցեղասպանություն:

 Ընտրություններում հայ համայնքն աջակցեց Ջորջ Բուշին, սակայն պաշտոնավարման ընթացքում նա Հայոց ցեղասպանությունը որակեց որպես «մեծ եղեռն», «բռնի արտաքսում»,«զանգվածային սպանություններ»,  «զանգվածային կոտորածներ» եզրերով:

 ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման Ցեղասպանության հարցում ոչինչ չփոխեց: Նա սենատոր եղած տարիներին Թուրքիայի կողմից իրականացված սպանդը հաճախ էր որակել որպես ցեղասպանություն: 2010-ին Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում ասաց. «Սա հայ ժողովրդի պատմության կործանարար էջերից է, և մենք պետք է կենդանի պահենք այդ մասին հիշողությունն՝ ի նշան զոհերի հանդեպ հարգանքի և որպեսզի խուսափենք անցյալի սահմռկեցուցիչ սխալներից»:

2011-ին` Ցեղասպանության նախօրեին, Կալիֆոռնիայի հայերն անցկացրել են «Օբամա՛, կատարի՛ր խոստումդ և ճանաչի՛ր Հայոց ցեղասպանությունը» ակցիան:

2013-ին՝ ապրիլի 24-ի նախօրեին, Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակով դիմել էր նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով ապրիլի 24-ին ամերիկահայերին հղվելիք ամենամյա ուղերձում ի վերջո օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:

2013-ի ապրիլի 24-ին Օբաման Ցեղասպանությունը որակեց Մեծ Եղեռն. «Այսօր մենք հիշատակում ենք Մեծ եղեռնը և հարգում նրանց հիշատակը, ովքեր նահատակվել են 20-րդ դարի ամենասարսափելի վայրագությունների ժամանակ: 98 տարի առաջ 1,5 միլիոն հայեր կոտորվեցին եւ տեղահանվեցին ու գերեզմաններ գտան Օսմանյան կայսրության վերջին օրերին»:

2014-ի ապրիլի 24-ին Օբաման գրեթե կրկնեց նույնը. «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր դարձան 20-րդ դարի սարսափելի նախճիրներից մեկի զոհը։ Մենք հիշում ենք 99 տարի առաջ կատարված սարսափելի դեպքերը, երբ 1.5 միլիոն հայեր սպանվեցին կամ կոտորվեցին Օսմանյան կայսրության տարիներին: Մենք սգում ենք այդ տղամարդկանց, կանանց ու երեխաների կյանքերի ու հոգեկան տառապանքների համար»:

ԱՄՆ նախագահի աշխատակազմը, հնարավոր է, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար այլ բնորոշիչ բառ է փնտրում:

Վերջերս The Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ Սպիտակ Տունն ազդանշան է ուղարկել, որ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի կոտորածը նկարագրելիս չի օգտագործի «ցեղասպանություն» եզրույթը`շարունակելով չպահել տված խոստումը:

Պարբերականը հիշեցնում է, որ Օբաման, երբ պայքարում էր նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար, խոստացել էր օգտագործել «ցեղասպանություն» բառը, իսկ 2008-ին ասել էր.

«Հայոց ցեղասպանությունը ոչ պնդում, ոչ էլ անձնական տեսակետ է, այլ բազմաթիվ պատմական վկայություններով արձանագրված փաստ»: Օբաման նաև ասել էր. «Ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:

The Wall Street Journal-ը գրում է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր Թուրքիայի հետ հարաբերությունները, որպես ռազմավարական դաշնակից, Օբամային ստիպել են չկատարել իր խոստումը՝ տված 2008-ին:

Ըստ WSJ-ի՝ Սպիտակ տունը «սպանությունների» 100-րդ տարելիցի առնչությամբ ճնշումներ տակ է եղել, սակայն խոսնակը նախօրեին հայտարարել է, որ «ցեղասպանություն» եզրույթից խուսափելու երկարատև քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել