Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում մեր ներքաղաքական և միջազգային օրակարգի թիվ մեկ հարցն այն էր, թե արդյոք ՌԴ նախագահ Պուտինը ապրիլի 24-ին կլինի Հայաստանում ու կմասնակցի Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին: Այժմ այդ հարցի պատասխանը տրվել է՝ Վլադիմիր Պուտինը գալու է և անգամ չի բացառվում, որ Երևանում նաև առանձին հանդիպում կունենա Ֆրանսիայի Նախագահ Օլանդի հետ՝ ուկրաինական ճգնաժամի ընթացքը քննարկելու համար: Այդ օրը Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունն էլ պետք է մասնակցի Թուրքիայի կողմից Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի պաշտոնական Անկարայի կազմակերպած տոնակատարություններին: Փաստորեն ՌԴ երկու բարձրագույն պաշտոնատար անձինք միժամանակ մասնակցելու են իրենց քաղաքական իմաստով ու բովանդակությամբ իսկ հակոտնյա պետական միջոցառումների՝ համապատասխանաբար Հայաստանում և Թուրքիայում: Առաջին հայացքից կարելի է գալ այն եզրահանգման, որ ռուսական կողմը փորձում է ուղղակի հավասարակշռել իր մոտեցումները կարևոր գործընկերների հետ ունեցած հարաբերություններում, բայց Կրեմլը դա կարող էր անել նաև՝ հրաժարվելով մասնակցել նշված միջոցառումներին բարձրագույն պաշտոնյաների մակարդակով: Նախագահի ու խոսնակի մակարդակով Ռուսաստանի ներկայությունն ավելի շուտ ենթադրել է տալիս, որ Մոսկվան, թերևս, ծրագրում է ակտիվ մասնակցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների հետագա ճակատագիրը կանխորոշող գործընթացներին: Պահը ավելի քան հարմար է, քանի որ արևմտյան աշխարհը Հռոմի Պապի շուրթերով և Եվրախորհրդարանի կողմից ընդունած բանաձևի միջոցով ճանաչելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը իրականացման փաստը մեծ տեղ բացեց Ռուսաստանի նոր միջնորդական նախաձեռնությունների համար: Այս համատեքստում այլևս կարևոր էլ չէ անգամ, թե ինչ կասի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Օբաման. դատելով դեպքերի ընթացքից՝ ենթադրելի է, որ Հայկական Հարցը դեռ մնում է քաղաքական խարդավանքների դաշտում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/980725001938412?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել