Պարզապես հիացած եմ «Միլիոնավոր կյանքեր» հոլովակով ու երգով։ Սա, թերևս, լավագույն պրոդուկտն է, որ տվել ենք Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում։
Ամեն ինչ այնքան նրաբնկատորեն է արված, այնքան ճաշակով է կառուցված ու իրար միացված, որ անտարբեր չի թողնում և ոչ մեկին, իսկ որ առավել հազվադեպ է լինում՝ գրեթե անխտիր դրական վերաբերմունք է առաջացնում՝ չհաշված բացառություն կազմող մարդկանց, ում մատների վրա կարելի է հաշվել։
Հոոլովակի մեջ կարողացել են համատեղել անհամատեղելին. մի կողմից, միայն մասնակիցների անունները հուշում են, թե ինչ մասշտաբային աշխատանք է սա, մյուս կողմից, հոլովակը ստեղծողները խուսափել են ավելորդ պաթոսից ու ճոխությունից, ու այդ հսկայական մասշտաբներ ունեցող պոտենցիալը մատուցել են մինիմալիզմի զուսպ երանգները, ինչից սակայն հոլովակը դյուզն-ինչ չի տուժել, և անգամ կասեի՝ շահել է, քանի որ այն խորհուրդը, որն այն ունի, այն միջոցառումը, որի համար այն պատրաստվել է, հենց այդպիսի երանգներ է հանդուրժում։
Մյուս կողմից, առանձին գովասանքի է արժանի ինքը՝ երգը, որը, լինելով տխուր, այնուամենայնիվ, ունի գլխավոր մեսիջ, որը բնավ սուգը չէ, այլ հույսն է, ոտքի կանգնող ազգի վեհությունը գովերգող է։ Միևնույն ժամանակ, այն անգլերեն է, բայց հասկանալի է ու հուզում է նույնիսկ այն մարդկանց, ովքեր անգլերեն չգիտեն, այնքան ներդաշնակ են հոլովակն ու երգը։
Գովելի է նաև հոլովակում նկարահանված մարդկանց ընտրությունը։ Շատ ողջունելի է, որ բացի հայտնի հայերից՝ այնտեղ նաև այլազգիների էլ ենք տեսնում և ոչ միայն Մոնսերատ Կաբալիեի պես մեգահայտնի արտասահմանցիների։ Իմ կարծիքով՝ խիստ կարևոր է, որ մասնակիցների ընտրությամբ աշխարհին ի ցույց ենք դնում ոչ միայն հաջողության ու հայտնիության հասած մեր հայրենակիցներին, այլև այն, որ մեր պայքարում մենք միայնակ չենք, ու մեր կողքին են նաև այլ ազգեր, այլ մարդիկ ու մեծ հաշվով մնացած աշխարհը։
Մի խոսքով, հազար բրավո այս հոլովակը ստեղծողներին ու դրա ստեղծմանը մասնակցած բոլոր-բոլորին։ Ձեզ հաջողվել է մոտենալ իդեալ կոչվածին այնքան, որքան հնարավոր է դա անել մի աշխարհում, որտեղ անթերի ոչինչ չի լինում։ Դուք գերել եք բոլոր հայերին ձեր այս աշխատանքով, ու վստահ եմ՝ կգերեք նաև միլիոնավոր ոչ հայերի, որովհետև այն, ինչ դուք ստեղծել եք, ոչ միայն ազգային, այլև համամարդակային արժեք ներկայացնող գործ է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/649216271878807?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել