Ինչպես արցախյան պատերազմի տարիներին, այնպես էլ հիմա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է իր սերտ համագործակցությունը տարբեր տեսակի ահաբեկչական կազմակերպությունների և խմբավորումների հետ՝ ակտիվորեն օգտվելով դրանց վարձկանների մատուցած ծառայություններից:
«Քայլելով ժամանակի հետ համընթաց»՝ Ադրբեջանը վերջին շրջանում խորացրել է իր կապերը 21-րդ դարի ամենածայրահեղական ու վտանգավոր կազմավորման՝ Իրաքի և Լևանտի իսլամական պետության հետ: Մինչ այս խմբավորման հետ համագործակցությանն անդրադառնալը նշենք, թե ինչպես է այն արմատավորվել Ադրբեջանում:
Խմբավորման հետ ադրբեջանցիների առաջին ակտիվ առնչությունը սկիզբ է առնում 2012թ., երբ մեծաքանակ «կովկասի թաթարները» մարտնչում էին Ասադի կառավարական ուժերի դեմ: Ճիշտ է՝ ստույգ տվյալներ հայտնի չեն, բայց միայն այն հանգամանքը, որ 2012-14թթ.. Սիրիայի կառավարական զորքերի դեմ մասնակցած մարտերում ադրբեջանական աղբյուրների պաշտոնապես հաստատված տվյալներով զոհվել է 200-ից ավելի ադրբեջանցի, բավական է արձանագրել վերջիններիս մեծաթիվ լինելն ահաբեկչական խմբավորման կազմում: Իսկ Ադրբեջանն ԻԼԻՊ-ի կողմից դիտվում է որպես ապագա ջիհադիստների հավաքագրման գլխավոր կենտրոն այն պարզ պատճառով, որ այդ երկրում պետական մակարդակով սահմանափակված է քաղաքական և կրոնական գործունեությունը: ԻԼԻՊ-ի արմատավորման ևս մեկ կարևոր հանգամանք է նաև տարբեր ֆոնդերի և հասարակական կազմակերպությունների անվան տակ վահաբիստական խմբավորումների գործունեությունը, ինչպես նաև երկրում չափավոր իսլամական հայացքներ ունեցող կուսակցությունների գոյության հանդեպ պետական արգելքը:
Վերադառնանք ահաբեկչական խմբավորման վարձկաններին իրենց նպատակներին ծառայեցնելու Ադրբեջանի մարտավարությանը:
Չնայած Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով ժխտվում է «21-րդ դարի չարիք» հանդիսացող կազմավորման հետ համագործակցությունը, և նույնիսկ իրենց քրեական օրենսգրքում համապատասխան հոդված կա արտերկրում ռազմական գործողություններին մասնակցած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին՝ դրան գումարած վերջերս կոնկրետ ԻԼԻՊ-ի հետ համագործակցությունը դատապարտելու վերաբերյալ արձակված Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլաշյուքուր Փաշազադեի Ֆեթվան, այնուամենայնիվ, բազմաթիվ ադրբեջանցիներ ներգրավված են ԻԼԻՊ-ում, և պետությունը, օգտվելով այդ հանգամանքից, գտել է նրանց իր նպատակներին ծառայեցնելու մեթոդը: Այդ անձանց Ադրբեջանում պաշտոնապես ուղարկում են մեկուսարաններ և դատապարտում ցմահ բանտարկության՝ որպես այլընտրանք առաջարկելով գնալ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ և առաջարկում կռվելու իրենց պահանջները բավարարել հայերի դեմ: Արդյունքում՝ այդ «հայրենասեր ջիհադիստները», ինչպես և աֆղան ու չեչեն մոջահեդները Ղարաբաղում գտնում են իրենց անփառունակ վախճանը:
Այս քայլով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լուծում է երկու խնդիր. առաջին՝ իր զինվորների մարտական ոգին փորձում է բարձրացնել վարձկանների ներգրավվածությամբ, և երկրորդ՝ սա հնարավորություն է տալիս պարտակել սեփական զինուժի անճարակությունը և քառակի նվազեցնել կորուստների թիվը:
Այսինքն՝ ԻԼԻՊ-ի համակիրներին, որոնց ճակատագրերը վաղուց անհայտ են իրենց ընտանիքի անդամներին ու հարազատներին, ուղարկելով հայերի հետ հակամարտության շփման գիծ, Ադրբեջանի ղեկավարությունը և՛ նրանցից է ազատվում, և՛ լուծում է իրենց կորուստների մասին տեղեկատվություն հաղորդելու հարցը:
Ստացվում է՝ ԻԼԻՊ-ն օգնում է Ադրբեջանին թաքցնել մարտական կորուստների իրական թիվը: Բայց նույնիսկ ԻԼԻՊ-ի համակիրների՝ Ադրբեջանի իշխանություններին մատուցած այս անուրանալի ծառայության պարագայում այդ «հավատի մարտիկների» գործը չի արժևորվում ու երբեք էլ չի գնահատվելու, քանի որ նրանց ընտանիքի անդամներն այդպես էլ չեն օգտվում ադրբեջանական «շեհիդի» արտոնություններից:



