Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալուն ուղղված տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ջանքերն ու Անկարայի հանդեպ իրականացվող ճնշումն առաջին հերթին պետք է գնահատել այն տեսանկյունից, թե որքանով են դրանք նպաստում հայ-թուրքական հարաբերությունների իրական կարգավորմանը: Նաև հարկավոր է տարբերակել զուտ քարոզչությունն իրավական հետևանքներ ունեցող քայլերից՝ այս առումով տարբերություն կա Ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելու վերաբերյալ օրենսդրական ակտեր ընդունած պետությունների և այն երկրների միջև, որոնք Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի հանդեպ իրենց վարած քաղաքականության գործիքներից մեկն են դիտարկում՝ Անկարային շանտաժելու միջոցով որոշակի առավելություններ ստանալու համար: Ըստ այդմ՝ խնդիրը միջազգային ասպարեզում հնչեցվում է քաղաքական, բարոյական ու, երբեմն էլ, իրավական շեշտադրումներով: Հռոմի Պապի կողմից հարցի արծարծումը կարելի է դասել բարոյական հորդորների շարքին՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր բազմամիլիոնանոց հավատացյալ հոտին Թուրքիան ներկայացրեց որպես ցեղասպանություն իրականացրած պետություն, ինչն, այնուամենայնիվ, նախկինում այս կերպ երբևէ չի արվել: Թուրքիայի արձագանքը բավական կոշտ էր՝ նրա առաջնորդների քաղաքական հայտարարություններին կարող են հետևել նաև հակաքրիստոնեական բռնարարքներ, որպիսիք կանխելու հնարավորությունը չունեն ոչ Վատիկանը և ոչ էլ Հայաստանը: Հայաստանը, ցավոք, ունակ չէ այսօր Թուրքիայի հետ համատեղ երկկողմ հարաբերությունների կարգավորման օրակարգ մշակել ու փորձել հաղթահարել խորը արմատներ գցած թշնամանքն ու անվստահությունը. դրան խոչընդոտում է այն, որ Հայկական հարցն օտարներից շատերի համար քաղաքական աճպարարության փորձված միջոցներից մեկն է: Այս պահին հիմքեր չկան ակնկալելու, որ Անկարան պաշտոնապես կճանաչի Ցեղասպանության փաստը: Դրան հակառակ, գնալով ավելանում են փոխադարձ թշնամանքի ու անվստահության հետագա խորացման նախադրյալները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/978129635531282?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել