Ավելի ձանձրալի ու զուտ ռուսական լսարանի վրա ուղղորդված ասուլիս Պուտինի կողմից դեռ չէի տեսել։ Արդեն շուրջ մեկուկես ժամ է, ինչ սկսել է Պուտինի հերթական ասուլիսը, և այս ողջ ընթացքում բացի գյուղատնտեսությունից, բանկային համակարգից ու մի քիչ էլ տնտեսությունից՝ Պուտինը դեռ ոչ մի բան չի ասել։ Ընդ որում, զարմանալի է, բայց նա շատ անհամոզիչ է այս անգամ։
Ինչ արժեր միայն անգլիացի ֆերմերի հարցը, որը բառիս բուն իմաստով ցաքուցրիվ արեց Պուտինի բերած փաստարկներն ու վիճակագրությունը։ Ու սա, թերևս, առաջին դեպրեսիվ ասուլիսն է, քանի որ Ղրիմի միացումից հետո սկսված էյֆորիան արդեն բավականին հանդարտվել է, իսկ մարդիկ գնալով ավելի են զգում իրենց վրա տնտեսական պայմանների վատթարացումը, ինչպես նաև իրենց սեփական տնտեսության անմրցունակությունն ու խնդիրները։
Եթե նկատել եք, գրեթե բոլոր հարցերը նույնիսկ այդքան ֆիլտրվելուց հետո բողոքային են, և կասեի՝ խիստ բողոքային են։ Իսկ Պուտինը որքան էլ փորձի գեղեցիկ բացատրություններ տալ, անընդհատ գալիս ու հանգում է տրամաբանական փակուղիների։ Եվ դա, թերևս, հենց Պուտինի մեղավորությունն է։
Մարդն արդեն 15 տարի է՝ ամեն ինչ անում էր Արևմուտքի հետ ինտեգրվելու համար, իսկ էս վերջում կտրուկ շրջադարձ արեց, բայց այդ շրջադարձն ավարտուն տեսքի չի ուզում հասցնել ու վախենում է ներքին տնտեսական, քաղաքական կուրսում էլ նման բեկումնային քայլ անել։ Արդյունքում նույն անգլիացի ֆերմերը տուժում է, որովհետև մի կողմից պատժամիջոցների տակ ընկած բանկերից վարկավորվելն է մեծ խնդիր դարձել, մյուս կողմից Պուտինը դուրս չի գալիս Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, որն արգելում է նույն գյուղատնտեսության պետական սուբսիդավորումը, և արդյունքում այդ բրիտանացի ֆերմերը ստիպված է մրցակցության մեջ մտնել բելառուսական գյուղատնտեսության հետ, որը թե սուբսիդավորվում է, թե նորմալ վարկավորվում, ու արդյունքում ինքնարժեքն անգամներով ցածր է լինում ռուսականինից...
Սա ուղղակի կենցաղային մեկ դրվագ է Ռուսաստանի ողջ տնտեսական համակարգի արատավորությունը հրաշալի իլյուստրացնող, երբ ակնհայտ են թե՛ պետության անարդյունավետությունը, թե՛ տնտեսվարողների մրցունակ չլինելը, թե՛ գործընկերների սխալ ընտրությունն ու առևտրատնտեսական հարաբերությունների սխալ վեկտորները։
Եթե ինչ-որ բեկում չմտնի, ապա այս ասուլիսը սպառնում է իմիջային լուրջ վնաս հասցնել Պուտինին, որովհետև առայժմ նա «Պարտվում է»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=467268873438026&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել