ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Կարծում եմ՝ հասկանում եք, որ Հայաստանի շուրջ ծավալվող վերջին զարգացումները (Հռոմի պապի քայլը, ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևը) ոչ թե արդյունք են այն բանի, որ վերջապես աշխարհի աչքերը բացվեցին, այլ հետևանք են նոր աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման, երբ թեժացել է ազդեցության գոտիներում ամրապնդվելու ու միմյանցից երկրներ փախցնելու քաղաքականությունը: Հետևաբար գործընթացն այսքանով չի ավարտվելու, և դեռ կլինեն նոր զարգացումներ: Հուսանք, որ Հայաստանի իշխանությունը գիտակցում է, որ հասունացել է մի պահ, երբ կարելի է որոշակի խաղ ցուցադրել երկրի շնչառությունը մի փոքր բացելու համար: Իսկ եթե պիտի հերթական անգամ սահմանափակվենք այս բարոյաքաղաքական հաղթանակով, ապա ուղղակի ցեղասպանություն բառն անվանելը կամ ԵԽԽՎ բանաձևը կրկին որոշ ժամանակ անց կդասվեն անցած էտապների շարքին, ու կշարունակենք դոփել ինչպես միշտ՝ անպտուղ և անարդյունք: Տեղի ունեցածի աշխարհաքաղաքական ենթատեքստն առավելն քան լուրջ է և պայմանավորված է Եվրոպա-ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ ու եռակողմ հարաբերությունների կտրուկ վատթարացմամբ: Հիմա կողմերից յուրաքանչյուրը փորձում է անել այն, ինչը մյուսին դուր չի գալիս: Բնականաբար, որոշ ժամանակ անց Ռուսաստանի ձայնը ևս կլսենք, վերջինս պարզապես դեռ սպասում է, իսկ մեր սպասելն ու առավել ևս ծուլությունը հակացուցված է ու վտանգավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել