
Նիամհ Գինին 26 տարեկան է։ Նա ապրում ու սովորում է Դուբլինում։ Չգիտես թե ինչ ցեց էր մտել նրա մեջ, երբ նա հանկարծ որոշեց իր երկու ընկերների հետ իրականացնել «Անծանոթ երկվորյակներ» նախագիծը։ Այս նախագծի շրջանակներում նրանք պետք է 28 օրվա ընթացքում գտնեին Նիամհի նմանակին։ Անշուշտ, փնտրտուքները տեղի էին ունենում ողջ աշխարհով մեկ, դե իհարկե սոցցանցերի միջոցով։ Շուտով լուսանկարներ ստացվեցին աշխարհի տարբեր երկրների օգտատերերից։ Նիամհը գտավ, որ նախագծի մասնակիցներից ամենից շատ իրեն նման էր Քերին Բրենիգանը։ Պարզվեց, որ նա ևս Իռլանդիայից էր ու բնակվում էր նրանից ընդամենը 1 ժամվա հեռավորության վրա։ Սա հեշտացրեց աղջիկների հանդիպումը, ու նրանք իրար հետ մի կուշտ զրուցելու հետո որոշեցին համատեղ ֆոտոսեսիա իրականացնել։ «MailOnline»-ին տված հարցազրույցում Նիամհն ասել է.

Նախքան հանդիպումը ես շատ էի նյարդայնանում՝ մտածելով, թե ինչպես կզգամ ինձ, երբ հանդիպեմ ինչ-որ մեկին, ով իսկևիսկ ինձ նման է։ Մեր հանդիպման ողջ ընթացքում ես աչքերս չռած նայում էի նրան։ Անգամ նրա դիմախաղն այնքան նման էր իմին, որ ես ասում էի. «Աստված իմ, սա իմ դեմքն է»։

Նիամհը պատմում է, որ շատ հեշտությամբ է մերվել իր նմանակի հետ։ Նախքան ֆոտոսեսիան աղջիկները միանման շպարվեցին ու միևնույն սանրվածքը ստացան՝ էլ ավելի ընդգծելով իրենց նմանությունները։ Նիամհն ասել է.

Ես կասեի, որ Քերինը երկուսիցս ավելի ամաչկոտն է, սակայն պետք է նաև հաշվի առնել, որ սա նրա համար ավելի սյուրռեալիստական փորձառություն էր, քան ինձ համար։ Ես գիտեի, թե ինչ որոնողական աշխատանք էի նախաձեռնել։ Ես եմ կապ հաստատել Քերինի հետ ու խնդրել նրան անձամբ հանդիպել ինձ։

Նիամհի ընկերները, ովքեր օգնել են նրան առցանց մրցույթի կազմակերպման հարցում
Թեպետ Նիամհն արդեն գտել է իր նմանակին, նմանակի որոնումը դեռևս ավարտված չէ, քանի որ նախագծի պաշտոնական ավարտն ի սկզբանե ծրագրված էր ապրիլի 27-ին։ Հարին՝ Նիամհի ընկերներից մեկը, կարծում է, որ աղջիկը երկու կամ երեք նմանակ ունի, սակայն կասկածում է, որ նրանցից որևէ մեկն ավելի նման լինի Նիամհին, քան Քերինը։ Հետաքրքրական է, որ այս նախագծին որևէ գենդերային խտրականություն չի դրվել, ուստի տղաները ևս կարող էին մասնակցել դրան, սակայն տղաներն առանձնապես մեծ ակտիվություն չեն ցուցաբերել։ Թեպետ այս նախագիծը մեծ ուշադրություն գրավեց սոցցանցերում, մրցույթի հաղթողի համար որևէ մրցանակ նախատեսված չէ։



