Newsline.am-ը գրում է.
Հայաստանը և Ադրբեջանը պետք է պահպանեն Փարիզի գագաթնաժողովին ձեռքբերված պայմանավորվածությունը, հաճախակի դարձնեն երկխոսությունը, ինչպես նաև խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ջեյմս Ուորլիքը նաև նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է այնպիսի բանակցություններ սկսեն, որով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնություն ձեռք կբերվի:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու աշխատանքներին: Հայաստանը և Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսևորեն՝ ղարաբաղյան հակամարտության լուծման համար»,- ասել է ամերիկացի համանախագահը:
Ուորլիքը նշել է, որ համանախագահները շարունակում են սերտ համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցություններում առաջընթաց գրանցելու և տարեվերջին Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Ամերիկացի համանախագահը նաև նշել է, որ հստակեցվում են համանախագահների՝ տարածաշրջան կատարվելիք այցի ժամկետները: