Life.panorama.am-ը գրում է.

Արմեն Միքայելյանը՝ ԱՄՆ տեղափոխվելու, ուսումը շարունակելու և օտարերկրացու հետ ամուսնության մասին

Շանթ հեռուստաընկերության «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներից հայտնի «շուստրի Գագոն», թեև հաճախ բարկացնում էր հեռուստադիտողին, սակայն սիրված ու սպասված կերպար էր: Սերիալի ավարտից հետո սերիալային դերասանը մեկնեց հայրենիքից: Թե ի՞նչը տարավ նրան հեռավոր Միացյալ Նահանգներ, ի՞նչ նպատակներ ունի իրականացնելու այնտեղ, կամուսնանա օտարերկրացու հետ, թե կնախընտրի հայուհուն, Life.Panorama.am-ը զրուցեց և փորձեց պարզել «շուստրի Գագոյից»՝ Արմեն Միքայելյանից:

-Որքա՞ն ժամանակ է մեկնել եք ՀայաստանիցԻ՞նչ նպատակով:

-Արդեն երեք ամիս է, որ մեկնել եմ: Նպատակս ԱՄՆ-ում դերասանական դպրոց ընդունվելն ու կրթություն ստանալն է:

-Հայաստանի Թատերական ինստիտուտը չի՞ գոհացնում:

- Գիտեք, նպատակ ունեմ մուտք գործել հոլիվուդյան ֆիլմարտադրություն: Այդ պատճառով ցանկալի է հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում կրթություն ստանալ: Նաև, քանի որ մորաքրոջս տղան համագործակցում է «Hollywood»  կինոընկերության հետ, կարծում եմ, ինձ համար մի փոքր ավելի հեշտ կլինի այդ դժվար ճանապարհն անցնելը:

-Կարելի է ենթադրելոր ընդմի՞շտ եք մեկնել:

-Ոչ, անպայման կվերադառնամ Հայաստան: Ցավոք, ժամանակահատված նշել չեմ կարող, քանի որ այստեղ դեռ շատ անելիքներ ունեմ, որոնք պետք է ավարտին հասցնեմ:

-Դերասան դառնալը Ձեր մանկությա՞ն երազանքն է:

-Ոչ, միշտ երազել եմ օդաչու դառնալ: Հիմա էլ մեկ-մեկ մտածում եմ մանկությանս երազանքն իրականացնելու մասին: Սակայն իմ էությամբ այնպիսի մարդ եմ, որ կենտրոնանում եմ մեկ նպատակի վրա, որպեսզի կարողանամ լիարժեք իրագործել այն: Այնպես որ, այժմ միայն ուսմանս վրա եմ կենտրոնացել: Թեև, չեմ բացառում, որ մի օր օդանավի ղեկին կլինեմ:

-Իսկ ինչպե՞ս եղավ սերիալում նկարահանվելու առաջարկը:

-Երբ փոքր էի, ինձ շրջապատող մարդիկ միշտ ասում էին՝ այ տղա, դու դերասան պետք է դառնաս: Հատկապես մայրս էր շատ ասում: Բայց ես միշտ պնդում էի, որ դա իմը չի, չեմ ցանկանում: Տարիներ հետո ամեն ինչ փոխվեց. մասնակցեցի «Շանթ»  հեռուստաընկերության կողմից հայտարարված քասթինգին: Ռեժիսորը հավանեց խաղս, արտաքինս համընկավ Գագոյի կերպարի հետ և այդպես էլ նկարահանվեցի սերիալում:

-Շատերը Ձեզ կերպարային անունով էլ հիշում են:

-Այո, նաև միշտ մեզ խառնում են, ինձ հարցնում են՝ դու Համոն ե՞ս, թե՞ Գագոն: Հիմա տեսնելուց ասում են. «Համո-Գագոյի Գագոն է»:

-Արմենո՞ւմ հետ եք այդտեղ բնակվում:

-Երկար տարիներ է, որ բարեկամներս այստեղ են ապրում: Ես այժմ ապրում եմ մորաքրոջս ընտանիքի հետ, հարազատներս չեն ուզում, որ առանձնանամ (ժպտում է): Բայց, բնական է, մի օր առանձին կբնակվեմ:

-ԱՄՆ-ում հայկական սերիալային նախագծեր շատ են իրականացվում: Առաջարկներ չունե՞ք:

-Ներկա պահին որևէ պրոեկտում չեմ նկարահանվում: 5 տարի անընդհատ նկարահանումներից հետո մի փոքր հանգիստ եմ վայելում: Նաև, պատրաստվում եմ եղբորս հարսանյաց հանդեսին: Իսկ հետագայում անպայման աշխատելու եմ, անհնար կլինի չաշխատելը:

-Շատերը մեկնելուց հետո խոստովանում ենոր դժգոհ էին Հայաստանից: Դո՞ւք ինչկասեք:

-Գիտեք, երբ քո երկրում ես լինում, հայրենիքի քաղցրությունը չես զգում, միայն օտարության մեջ ես գնահատում այն:  Ոչ, ես դժգոհ չեմ իմ հայրենիքից, իմ հողից: Ճիշտ է, մարդիկ հիմա շատ դժվար են ապրում, առօրյա խնդիրները շատ են Հայաստանում, ինչը ցավալի է: Մեր ազգը խելացի է, կցանկանամ մի օր տեսնել, որ մարդիկ հացի խնդրը լուծելու մասին չեն մտածում, չեն պրպտում, թե որտեղից երկու կոպեկ գտնեն, որպեսզի ցամաք հաց առնեն: Հուսով եմ, մի օր կվերանան այդպիսի խնդիրները:

-Այդտեղ ընկերներ ունե՞ք: Ովքե՞ր են:

-Այո, շատ ընկերներ ունեմ այստեղ: Նրանցից ոմանք իմ ասպարեզից են, ոմանք՝ ոչ: Դպրոցական ընկերներիցս էլ շատերը բնակվում եմ ԱՄՆ-ում: Կարելի է ասել, լավ մարդկանցով ու լավ ընկերներով եմ շրջապատված: Միաժամանակ, կարոտում եմ Հայաստանի իմ ընկերներին: Շա՜տ եմ կարոտում:

-Ի դեպսերիալի ավարտից հետո Հայաստանում չունեի՞ք նոր առաջարկներ:

-Ոչ, սակայն, եթե նույնիսկ ունենայի, ցավոք, գալ չէի կարող: Չեմ սիրում նպատակի կեսից ետ կանգնել, գործերը կիսատ թողնել:

-Որպես երիտասարդ՝ դժվար չէ՞ ոտքի կանգնել օտար հողում:

-Բնականաբար, շատ դժվար է, բայց՝ ոչ անհնար: Այս երկիրը քեզ տալիս է հնարավորություն, ուղղակի պետք է շատ աշխատես, որպեսզի արդյունքը տեսնես: Ամերիկացիները լավ խոսք ունեն. «Պետք է բոլորից շուտ արթնանաս և բոլորից ուշ քնես, որպեսզի կարողանաս աշխատանքիդ արդյունքը տեսնել»:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Հայրս և մայրս իմ ասպարեզի հետ կապ չունեն, բոլորովին այլ բնագավառում են աշխատում:

-Միա՞կ զավակն եք:

-Այո

- Ձեր ծնողները Հայաստանո՞ւմ են:

-Այո, Հայաստանում են:

-Արդյոք Հայաստանում Ձեզ սպասող սիրած աղջիկ չունե՞ք:

-Ոչ, Հայաստանում ընկերուհի չունեմ: Բայց ասեմ, որ սիրտս այժմ զբաղված է:

-Կամուսնանա՞ք օտարերկրացու հետ:

-Ժամանակին օտարերկրացի ընկերուհի եմ ունեցել, բավական երկար ժամանակ ենք շփվել, սակայն բաժանվեցինք։ Իմ կարծիքով, եթե դիմացինդ լավ մարդ է, ունի լավ հոգի, ապա բոլորովին կարևոր չէ, թե ինչ ազգի է պատկանում: Բոլորս էլ երկիր մոլորակի վրա ապրող մարդ ենք, Աստծո կողմից ստեղծված, նույն ֆիզիկական տվյալներով: Իհարկե, կան բացառություններ, որ չեմ ցանկանա ամուսնանալ այս կամ այն ազգի աղջկա հետ, բայց, ընդհանուր առմամբ, վատ չեմ տրամադրված: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել