- Այդ ո՞ւր, այսօր շաբաթ է: - Ո՛չ մի տեղ, մա՛մ ջան, ուղղակի: - Հայելին մաշվեց քո հայացքից, եթե տեղ չես գնում, ինչո՞ւ ես շրթունքներդ ներկում և վերջապես հագնվիր, ի՞նչ վիճակ է: - Մամ լա՜վ էլի, զգեստ եմ ընտրում, չեմ կարողանում որոշել: - Երեսուն տարեկան ես, բայց դեռ քամիներ են գլխումդ, սպիտակը հագի՛ր, ի՞նչ կա մտածելու: Լուռ նայեց մոր աչքերին, ժպտաց, ձեռքը բարի կախարդի նման սահեցրեց ուսերին իջնող մազերի վրայով, հետո շոյեց իրանը, ազդրերը, մեկ քայլ ետ գնաց, հայելու առաջ կոտրատվեց: - Դեռ մի բան արժե՞մ, մամ ջան: - Գեղեցիկ ես, բայց ինչպես միշտ՝ գլուխդ դատարկ: Ծիծաղեց: «Մնաց տասնութ րոպե, կզանգի, նոր մամային կասեմ, որ հրավիրված եմ, թող ժամանակից շուտ չիմանա, ճիշտ է պայմանավորվելու ենք երեկոյան հանդիպման համար, բայց ես լավ գիտեմ տղամարդկանց, նույնիսկ հեռախոսով խոսելիս պետք է լինես կոկիկ ու հարդարված…» - Մամ, գիտե՞ս՝ ինչն եմ ափսոսում, գժվելու աստիճան: Մայրը հարցական նայեց աղջկան, նայե՞ց, ո՜չ, տեսավ իրեն երիտասարդ ժամանակ, թռի վռի մի աղջնակի տեսքով, անհո՜գ, սիրահարվա՜ծ, ամեն ինչ մոռացած հանուն… - Ի՞նչ, մի խելոք բան ասա: - Որ դու մազերը ֆեն անել այդպես էլ չսովորեցիր, հիմա ի՞նչ, առավոտ շուտ հարևան Լիլոյին կանչեմ, մի քիչ շո՞ւտ չի: Նայեց ժամացույցին: « Մնաց տասնչորս րոպե, չեմ հասցնի…» - Զուգագուլպա մի՛ հագիր, ինչո՞ւ ես ձգում մարմինդ: - Մա՞մ, ի՞նչ ես ասում: - Առաջին հանդիպման ժամանակ ճիշտ չէ, նա քո երեսին է նայելու անընդհատ, քեզ է լսելու, երբեք թույլ չտաս նրանից առաջ ընկնել, որ ետևիցդ չնայի, հասկանո՞ւմ ես: Իսկ այ, երկրորդ անգամ անպայման մարմինդ ձգած կգնաս, չնայած լավ մարմին ունես: - Մա՞մ, այդ դո՞ւ ես ասում, դո՞ւ, որ ամբողջ կյանքումդ ուսանողներին Չերնիշևսկի ես բացատրել, հիմա տղամարդկանցից ես խոսում, որտեղի՞ց այդքան գործնական խորհուրդներ: Մենք երեկոյան ենք հանդիպելու: - Գիտե՜մ, մոտավորապես կռահեցի, հիմա սպասում ես նրա զանգին, անհանգստանում, գեղեցկանում, այդպես ենք մենք՝ կանայք: Ե՞րբ է խոսք տվել զանգելու: - Տասին, նա պարտաճանաչ է, գիտեմ, մնաց իննը րոպե, մա՛մ: - Կզանգի՜, մի անհանգստացիր, տղամարդիկ արդեն երկու հազար տարի է՝ չեն փոխվում, այդպիսին են նրանք, լավ, ես սուրճ պատրաստեմ, խմենք: - Մա՞մ, չես հասկանո՞ւմ, մնացել է ութ րոպե ի՞սկ դու, սուրճ, ա՜յ քեզ բան: Մայրը խոհանոցում էր, երբ լսեց կորցրած ձագին գրկին սեղմելու մի վայրի բղավոց: - Մա՜մ… Ձեռքի սրճեփը ընկավ սալահատակին: Վազելով մտավ սենյակ ու վախեցած նայեց աղջկան: - Մա՜մ, հեռախոսս չեմ գտնում, մնաց երեք րոպե: - Դու իրո՞ք գժվել ես, հեռախոսդ պատշգամբում է, ես եմ դրել լիցքավորման, իսկ քո այդ Նա-ն անուն ունի՞ գոնե: - Ունի՜, ունի, Արսե՛ն է անունը: Բջջային հեռախոսը սեղմած կրծքին փլվեց բազկաթոռին: Երկու զույգ կանացի հետաքրքրասեր ու անհամբեր աչքեր հետևում էին պատի ժամացույցի վայրկյանաչափին, որն անասելի դանդաղկոտությամբ մոտենում էր ցանկալի ժամանակին: «Մնաց երկու րոպե…» « Մնաց մեկ րոպե…» Զա՜նգ… Երկու հայացք միանգամից ուղղվեցին այս դարի հրաշք ստեղծագործությանը՝ բջջային հեռախոսին: - Հանգի’ստ, սպասի’ր, միանգամից չվերցնես, երրորդ զանգից հետո խոր շունչ քաշիր, կիսաքնատ ձայնով ցածր կասես ալլո՜, թող չիմանա, որ սպասում էիր, հասկացա՞ր, այ հիմա վերցրու: Երախտագետ հայացքը մորից տեղափոխվեց հեռախոսին ու խորը շունչ քաշելով միացրեց կոճակը: - Ալլո՜… - Բարև Ձեզ, Մալաթիա-Սեբաստիա… փոքրիկը տառապում է լեյկոզով… Ձեր օգնությունը… ամսագիր ընդամենը 600 դրամով, կարող ենք հասցեն ասել... Հատակին ընկած ու կոտրված հեռախոսի միջից դուրս ընկավ Բի Լայնի սպիտակ հեռախոսաքարտը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել