Միացյալ Նահանգները որոշել են կրճատել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցման ծրագրերի ֆինանսավորումը: Ռուսաստանն, իր հերթին, սկսել է ակնարկել պաշտոնական Անկարային ու Երևանին, որ կարող է հայ-թուրքական հարաբերությունների բարելավվմանն ուղղված արդյունավետ միջնորդություն իրականացնել: Ըստ որոշ նախանշանների՝ ռուս-թուրքական մեղրամիսը տևական չի լինելու՝ դժվար թե երկու տարուց ավել ձգվի: Սակայն այդ ժամանակահատվածը մեզ համար բավական լուրջ բարդություններ կարող է առաջ բերել հատկապես այն պատճառով, որ Ռուսաստանի միջազգային մեկուսացմանն ուղղված ջանքերի անխուսափելի հետևանքներից մեկը լինելու է մեր և հարակից տարածաշրջաններում թուրքական գործոնի դերի ուժեղացումը: 1921 թվականի մարտի 16-ին կնքվեց ոչ միայն Հայաստանի մասնատումը կանխորոշող ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագիրը, այլև ռուս-բրիտանական պայմանագիրը, որով բրիտանական կողմը հանձն էր առնում նախկին ռուսաստանյան կայսրության բոլշևիկներին անցած տարածքներում միջամտություններից զերծ մնալու պարտավորությունը՝ այսինքն հավաստում էր, որ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետագա ճակատագիրը ռուս-թուրքական պայմանավորվածությունների շրջանակի հարց է: Այդ նույն օրը վրաց մենշևիկների կառավարությունը լքեց իր վերջին ապաստանը դարձած Բաթումն ու հեռացավ երկրից՝ այն թողնելով ռուսների հոգածությանը: Ռուս-թուրքական գործարքն այն ժամանակ հնարավորություն տվեց Մոսկվային պահպանել իր համար ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերը Հարավային Կովկասում, իսկ Անկարային՝ հանձինս Խորհրդային Ադրբեջանի իր նմանակն ունենալ, որը հարմար առիթի դեպքում կարող էր կամրջել Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ: Ներկա պայմաններում էներգակիրների տարանցման հարցում թուրք-իրանական ռազմավարական համագործակցության հաստատումը Հարավային Կովկասից Ռուսաստանի վերջնական դուրսմղման նախերգանքը կարող է դառնալ: Թերևս նաև այս մտավախությունից դրդված՝ Ռուսաստանը շտապեց իր արտադրած հակահրթիռային համակարգերն Իրանին վաճառելու արգելքը հանել: Թվում է, թե հայկական պահանջատիրությունը ռուսական քաղաքական զինանոցում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ազդեցիկ միջոցներից մեկն է մնալու, հատկապես այն դեպքում, երբ Արևմուտքում Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ Անկարային ուղղված պահանջը վերջին շրջանում ահագնացել է: Բայց իրավիճակն այնպես է զարգանում, որ Հայկական հարցի արծարծումը ռուսներին որևէ օգուտ տալու ներուժ չունի, թեև, դրան հակառակ, կարող է առարկայական սպառնալիք դառնալ մեզ համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/977073008970278?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել