
Վերջին նորությունը գիտե՞ք. հայ բոլոր գիտնականներին քշելու են Սիբիր։ Ավելի ճիշտ` իրենք են հոժարակամ գնալու (ճիշտ կլինի ասել՝ քշվելու են: Քաշվելու հետ չշփոթել, թեկուզ նույն բանն է, որովհետև քաշվելու են, գնան Սիբիր)։ «Գնանք, ընկեր» ծրագրիս շրջանակներում վազելով կգնան ու արդեն գնում են: Պարզ է, որ ես էլ եմ գնում, քանի որ, անկասկած, ես էլ գիտնական եմ։ Բացատրեմ։ Իմ ոչ թե մենակ մի ընկերը, այլ համարյա բոլոր ընկերները գիտնական մարդիկ են կամ էլ գոնե նրանց հետ կողք կողքի աշխատող ինժիներներ։ Դե հիմա դուք ասեք՝ բա էլ ի՞նչ եմ։ Տո գիտնակա՛ն եմ, դեռ մի բան էլ ավելին, ավելին էլ՝ իմ բուն մասնագիտությունն ու բնատուր խելքը։
ՀՀ բոլոր գիտնականները գնալու են Սիբիր: Կասկած չկա։ Գիտե՛մ, կզարմանաք, բայց հանգիստ, էսա հերթո՛վ գամ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ իմ ընկեր գիտնականները կպան, թե՝ Արա՛մ, մի բան ասա՝ ո՞նց է լինելու էս մեր գիտության վիճակը, գիտությունը ձեռքից գնում է։ Ի՛նձ են դիմում մարդիկ, ի՞նչ ասեմ… կարող ա բանիմացությունիցս ելնելով, կարող ա՝ ուղղակի անունիցս՝ «Արամ՝ ամեն ինչ կարամ»։ Է՜, Արամին որ ասում եք, Արամի ձեռին ի՞նչ կա. ոչ նախագահ եմ, ոչ պրեզիդենտ, ոչ էլ գոնե երեսփոխան։ Բայց ի՜նչ ապուշ բառ են հորինել, չէ՞։ Դրա համար էլ էդ մարդիկ գործ չեն անում՝ դե որ փոխան ենք, մենք էլ՝ փոխանի պես կաշխատենք։ Գոնե լիներ երեսփոխող։ Չէ՛, բայց էս էլ քամելիոնի նման մի բան կնշանակի։ Լա՜վ, բառերի հետևից չընկնենք, դա թողնենք հետոյին, հիմա ավելի լուրջ գործ ունենք՝ գիտությո՛ւնը։
Դե երևի մարդիկիկ մի բան գիտեն, որ հե՛նց Արամին են դիմում: Դիմում են` նա էլ կխոսի՛ ու կասի` գիտնականներին` Սիբիր: Հարց` ախր ինչո՞ւ, գիտնականներն ի՞նչ են արել որ։ Պատասխանը` հաջորդիվ՝ մատչելի լեզվով, դիդակտիկ նյութերով, լիովին հիմնավորված ու միարժեքորեն։
Նախ, մի պատմություն, որ ավելի հասկանալի լինի, թե ինչու` Սիբիր։ Հայտնի է, որ մեծն գլխակեր, ժողովուրդների հայր ընկեր Ստալինը, որն աշխարհում հայտնի է՝ որպես սեփական ժողովրդի գլուխն ուտելու ռեկորդսմեն, որը հեղափոխության հաղթանակից հետո ի՛ր ձևով էր շարունակել Լենինի բռնած գործն ու երկրի ամբողջ ինտելեգենցիային տարել կոխել էր ծակերը, ուղարկել Սիբիր–միբիրներ, հանկարծ մի օր քնից արթնացավ ու զգաց, որ ուղեղն սկսել է աշխատել։ Ինչո՞ւմ արտահայտվեց դա։ Համաշխարհային պատերազմը եկել, չոքել էր դուռը. զրահատեխնիկայի արտադրություն էր պետք, հեռահար զենք-բան, գործարաններն ու տեխնիկան էլ պետք էր դրա համար աշխատացնել։ Ո՞վ կարար աներ. պարզ չի՞, որ գիտնականնե՛րը։ Ո՜ւր եք, գիտնականնե՜ր։ Նայեց տեսավ, որ բոլորին խրել է Սիբիրները, իսկ հայրենիքն ու ինքը վտանգի մեջ են։ Զա ռո՛դինու, զա Ստա՛լինա։ Մի գիշերում՝ մոբիլիզացիա. բոլորին հավաքե՛լ աքսորներից, անգամ մահվան դատավճռի ի կատար ածելուն էսա–էսա սպասողներին։ Ու ի՞նչ է արել դրանից հետո, գիտե՞ք, պարզա՝ գիտեք, բայց նրբություններ կան. ասե՛մ։ Հրահանգ է տվել` բոլորին տեղավորե՛լ լավագույն բնակարաններում, նշանակե՛լ մինիստրից բարձր աշխատավարձ։ Ինչքա՞ն է հիմա մեր մինիստր-երեսփոխանի աշխատավարձը (այսինքն՝ քանի՞ փոխան կարա առնի դրանով , 250 հազա՞ր, ուրեմն՝ մեր գիտության թեկնածուին ու դոկտորին՝ անհապաղ 300–500 հազար։ Պա՜հ. իշտահներիդ քացախ, պարոնայք երիտասարդ գիտնակա՛ն ընկերներ ջան, չէմիչէ՝ 300–500 հազար… որ ստանաք, կասեմ՝ մոլոդեց ձեզ։
Լա՜վ, ջահել գիտնականներին հանգիստ թողնենք՝ էրեխեք են, հավատում են, որ ֆեյսբուքից գիտության ֆինանսավորում պահանջելն ա որ կա՝ իբր մի բան կլինի, ֆեյսբուքն ամենակարողա, թող հավատան, իսկ ես միտքս շարունակեմ. էդ մենակ սկզբում չէր, այլ պատերազմի ամբողջ ընթացքում ու փառապանծ հաղթանակից հետո։ Մեր սուրը փառքով դրեցինք պատյան։ Ստալինի գլխի պատյան մի բան մտավ՝ հիմնավորապես ու անբեկանելի, մտավ ու մնաց մինչև վերջ (Մոլոտովին ու մյուսներին կգնդակահարեր, տեղնուտեղը «մոլոտովի կոկտեյլ» ճաշակել կտար, եթե մտքներովներն անցներ առարկել). գիտնականն է ապահովում պատերազմում հաղթանակը, գիտնականն է ներկայացնում, իրենից՝ Ստալինից հետո, պետության դեմքը, մանավանդ է՛ն չորուցամաք քարքարոտ երկրի, որի ուժը հենց իր ժողովրդի ստեղծագործ ուղեղների մեջ է։
Էն, որ երկրներին բաժանել էին՝ ատոմային զենք ունեցողների ու չունեցողների, հիշում ե՞ք, ու էդ ունեցողներին հարգում էին ու զգուշանում, էդ ո՞ւմ շնորհիվ էր։ Ես ձեզ մի բան էլ ասեմ. Ստալինը որ Ստալին էր մարդակեր («Ստալին դու կյանք ես հարակեզ, դու պատմություն ես մարդկային»… բայց վայթեմ էս Լենին պապիի մասին էր, բայց ի՞նչ տարբերություն), հայրենասիրություն էլ ուներ մեջը՝ ի՛ր ձևի։ Հասկացել էր, որ երկրների մրցակցություն կա, սեփական երկրի հեղինակություն, ըտենց բաներ, որ կարան ապահովել միայն գիտության զարգացման շնորհիվ։ Հասկացավ մարդը ու էնքա՜ն լավ հասկացավ, որ էդ հասկանալու ալիքը շարունակվեց մինչև սովետի վերջին օրը, իսկ մեր Հայաստանի համար ավարտվեց հենց էդ օրը։ Մեր մոտ համարյա միշտ լավ բաներն ավարտվում են այնտեղ, որտեղ խելոք ազգերի մոտ նոր մենակ սկսվում են։ «Ազատ ու անկախ»-ության առաջին օրից սկսվեց գիտության անազատ ու անկապ վիճակը։ Շարունակվում է մինչ օրս։
Օրինակ, եթե մեր երեսփոխաններն ազնիվ մարդիկ լինեին, կասեին՝ գիտնականներ ջան, մենք խորհրդարանում ձեր ստացած 50–60 հազարով էլ կարանք լա՜վ քնել, սնվել ու բազմանալ, մենք, լինելով ազնիվ, արդարացի ու անաչառ (ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի անալոգիայով), առաջարկում ենք՝ եկեք աշխատավարձերի տեղերով փոխվենք։ Պատկերացնո՞մ եք, որ տենց բան լիներ… բա~յց հայերին ո՞ւր է միասնություն, հետո էլ՝ ստեղ մի թեթև խանգարող հանգամանք կա. բա ո՞վ Աշտարակի ու Հրազդանի ձորերի օբյեկտներում լորի ճկույթի դելիկատեսի հաշիվը փակի ու վճարի խիստ անհրաժեշտ թիկնապահների, մի-երկու ընենց ավտոյի ու դրանց Gold պետհամարանիշների համար… ու էլի ինչքա՜ն ծախսեր կան, որոնց իմաստը գիտնականները չեն հասկանում ու չեն էլ հասկանա։ Չէ՜, երես–փոխաններին իրենց բուն աշխատավարձը դժվար հերիքի, մի տաս էդքան էլ հլը պետք է։ Նրանց աշխատավարձերը բարձրացնել է պետք, գիտնականներին` Սիբիր:
Ամփոփեմ։ Գիտնական ընկերներս ոնց կարացին, բացատրեցին, որ գիտությունը կարևորել է պետք, ու բոլոր բացատրությունները դեմ առան իշխանություն-ապառաժին: Շատերը հույսները կտրել, ասում են` եղունգ ունեք` գլուխներդ քորեք. էս երկիրը տեսանելի ապագայում գիտությունը կարևորողը չի: Իսկ Ես՝ Արամս, որ ուղիղ խոսող մարդ եմ (ի տարբերություն մյուսների), կասեմ ձեզ էն, ինչ մտածում եմ, ու էդ հենց ճիշտն է` իմ գիտնական ընկերնե՛ր ջան, հանգիստ կտրեք ձեր եղունգները. կա՛ մի պահեստային տարբերակ-ճանապարհ… ու դրա անունն է` Սիբիր: Հիմնավորում. մեր ղեկավարությունն էլ մի օր «քնից կարթնանա» ու ապագա «տունդարձ» կամ ներկա «արի տուն» ծրագրերի շրջանակներում հետ կկանչի գիտնականներին` տալով բնակարաններ` Հյուսիսային պողոտայում ու Վահագնի թաղամասերում, աշխատավարձն էլ` երեսփոխանից բարձր: Տարբերակ չի՞: Տարբերա՛կ է, էն էլ` գործո՛ղ ու անցյալի փորձով ապացուցվա՛ծ: Ով չի հավատում, թող գլուխը քորի, եթե եղունգ ունի։
Դե դուք հերթագրվեք «Գնանք, ընկեր» ծրագրիս, ես դուրս գամ, տեսնեմ` ով կֆինանսավորի, որ տաք կուրտկա ու սապոգ առնենք: 2-րդ ամսվա աշխատավարձը հենց ստացաք, խնդիր չկա` պարտքներդ կուղարկեք: Վստահեցնում եմ:
Չնայած, կուրտկան ի՞նչ ենք անում. խելքներս հո հետներս ա:
Լավ, ես դուրս եկա, հեսա կգամ։