Վերջին շաբաթներին մեր մամուլում պարբերաբար հանդիպում եմ տնտեսագիտական վերլուծություններ, որոնց բովանդակությունը հետևյալն է. «Բա ասում էիք՝ ԵՏՄ-ն լավ բան ա։ Հենց մտանք ԵՏՄ, արտահանումը նվազեց Ռուսաստանի հետ, ու գրեթե ոչինչ չի արտահանվում հիմա։ Վայ թաղեմ գլուխդ, ԵՏՄ, էս ինչ վատն էիր դու»։
Դե տնտեսագիտությունից ու վերջին շրջանի տնտեսա-քաղաքական զարգացումներից հեռու մարդն էլ նայում ա ու մտածում. «Արա հա էլի, հենա, դաժե կաՅնակ չենք արտահանում էլ, էս ինչ զուլում էր էս ԵՏՄ-ն»։ Մինչդեռ նման հոդվածների հանդիպելիս պետք է իմանաք, որ գործ ունեք կամ անգրագետ, կամ էլ անբարեխիղճ վերլուծաբանի ու լրագրողի աշխատանքի հետ։
Ամենևին չեմ ուզում ԵՏՄ-ի փաստաբան լինել, ու թեման էլ դրա լավը կամ վատը լինելու մեջ չէ։ Խոսենք կոնկրետ բարձրացված խնդրի մասին. արտահանումը գրեթե 0 է դարձել այս տարի, բայց ի՞նչն է պատճառը։ Զարմացնեմ մեր վայ վերլուծաբաններին. ԵՏՄ չմտնեինք էլ, մտնեինք ԵՄ և նույնիսկ Տիեզերական Բարեկեցության Ֆեդերացիա, արտահանումը դեպի Ռուսաստան էլի ընկնելու էր գրեթե մինչև 0-ի, որովհետև արտահանումը նվազել է ոչ թե ԵՏՄ մտնելու պատճառով, այլ ռուբլու փոխարժեքի տապալման ու Ռուսաստանում կիրառվող պատժամիջոցների պատճառով։
Բանն այն է, որ ռուսները նույն կոնյակի համար վճարում են ռուբլով ու այդ կոնյակը վաճառում են իրենց սպառողին էլի ռուբլով, իսկ մերոնք իրենց պարտավորություններն ու պարտքերը մարում և սպասարկում են դոլարով, իսկ ռուբլու հեղհեղուկությունն ու ցածր կուրսը խիստ ռիսկային են դարձնում այդ կոնյակն ու ցանկացած այլ ապրանք Ռուսաստան արտահանելը։ Ռուսաստանում մինչ օրս էլ արտարժույթի քաղց կա, որի ամեն թեթևակի սրացում կարող էլ բերել ռուբլու հերթական տապալման, դրա համար Ռուսաստանն անում էր հնարավորը՝ արտարժույթն իր երկրում պահելու ու դեպի իր շուկա բերելու համար, որովհետև պատժամիջոցներն ու էներգակիրների ցածր գները խեղդում են դրա տնտեսությունը, քանի որ ռուսական պետական ու մասնավոր կորպորացիաները չեն կարողանում բավարար քանակությամբ դոլար ստանալ՝ իրենց վարկերը սպասարկելու համար, իսկ նույն պատժամիջոցները զրկել են նրանց վերավարկավորվելու հնարավորությունից։
Ուստի, բացարձակապես ոչ մի կապ չունի, թե ինչ միության մեջ է կամ էլ մեջ չէ Հայաստանը։ Խնդիրը ոչ թե միության ու մեր ընտրության մեջ է, այս Ռուսաստան-Արևմուտք առճակատման մեջ։