Ժողովրդավարական երկիր կառուցելը դժվար և երկարատև գործընթաց է, որին հարկավոր է վերաբերել մեծ պատասխանատվությամբ և ունենալ հստակ պատկերացումներ, թե մեր երկիրը ժողովրդավարական ո՞ր մոդելն է կիրառում, որը տանում է իրական ժողովրդավարության, թե՞ ստեղծում է դրա իմիտացիան:
Ժողովրդավարական բոլոր ինստիտուտներում ակնհայտ է մեկ սկզբունք` դա արդարության չափորոշիչն է:
Արդարությունը պետք է գերիշխի ժողովրդավարական, սոցիալական, քաղաքական, իրավական, պետական և մնացած բոլոր համակարգերում:
Անթույլատրելի է, երբ համաշխարհային մամուլը սկսել է բացասական խոսել Հայաստանի մասին, ինչին օրեր առաջ ականատես եղանք Վաշինքգթոն Պոստում` Վարդան Օսկանյանի բոլորիս հայտնի գործի առնչությամբ:
Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, չեն նպաստում մարդկային և համամարդկային արժեքների ամրապնդմանն ու տարածմանը, ինչը չի վրիպում միջազգային առաջատար վերլուծական ինստիտուտների դիտարկումներից, մասնավորապես «Էքոնոմիստ Ինթելիջանս Յունիթ» բրիտանական ինստիտուտի հետազոտական տվյալների համաձայն, մեր երկիրը ժողովրդավարական ցուցանիշով 167 երկրների շարքում գտնվում է 111-րդ տեղում` դասվելով հիբրիդային պետությունների շարքին, որտեղ մեր հարևաններն են, Նիգերիայի և Բուռունդիայի Հանրապետությունները:
Հավելեմ, որ դասակարգման սանդղակում` Հայաստանից ընդամենը 3 աստիճան ներքև, սկսվում է աֆտորիտար երկրների ցանկը:
Սա ցուցանիշ է, որն արդեն մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի զարգացմանն ու ժողովրդավարացմանը:
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները, որոնք հիմք են հանդիսանում վերը նշված վերլուծությունների և հրապարակումների, սպառնում են մեր երկրի միջազգային հեղինակությանը:
Անհրաժեշտ է օր առաջ ձեռնամուխ լինել արդարության մթնոլորտի ստեղծմանը, որով հիմք կդնենք արտագաղթի կրճատման, քաղաքացիական ազատ հասարակության ձևավորմանն ու իրական ժողովրդավարական չափանիշներով առաջնորդվող պետականաշինությանը:
ԵՎ ինչպես արևն է հարկավոր ծաղիկներին, այնպես էլ արդարությունն է անհրաժեշտ հասարակությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/enfiajyan/posts/400329316703918
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել