Tert.am-ը գրում է.

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր նույնականացման քարտ է հանձնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին: Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ նախարարը նշել է, որ խնդրի մասին տեղեկացել է «Հետք»-ի խմբագրի բաց նամակից: Նամակը խնդրանք էր նախարարին՝ լուծելու Սողոմոն Քոչարյանի՝ անձնագիր ունենալու, զինվորական թոշակ ստանալու և բժշկական հետազոտություն իրականացնելու հարցերը:

Հարկ է ընդգծել, որ խնդիրն անմիջապես հայտնվել է հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում, և տրվել են համապատասխան հանձնարարականներ ինչպես փաստաթղթավորման, այնպես էլ՝ թոշակավորման հարցն արագ լուծելու համար:

Տեղեկացնենք, որ լուծվել է դատապարտյալի զինվորական թոշակ ստանալու հարցը, նրան պարբերաբար այցելում է բժիշկը:

Հանձնելով նույնականացման քարտը՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Սողոմոն Քոչարյանին հորդորել է չհուսահատվել և ցանկացած իրավիճակում փորձել օրինակելի վարք դրսևորել պատիժը կրելիս: Նախարարը ցմահ դատապարտյալին է նվիրել Վազգեն Սարգսյանի գրքերից մեկը. «Քանի որ կռված տղա ես, կարծում եմ՝ Սպարապետի այս գիրքը սիրով կկարդաս»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել