Tert.am-ը գրում է.
Հայաստանի համար իրանական դիրքերի ուժեղացումը մեր տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում կարևոր է, բայց այլ հարց է, թե ինչքանով հայկական կողմը կկարողանան օգտվել այդ դիրքերից ու ինչ է անում դրա համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ղեկավար Վարդան Ոսկանյանը՝ ընդգծելով, որ ժամանակն է՝ Հայաստանը պատրաստվի նոր իրավիճակի:
«Պետք է սպասենք Արևմուտքի ու Իրանի միջև կնքվելիք համաձայնության վերջնական արդյունքին, իսկ դրանից հետո ժամանակ է պետք, որ տնտեսությունը զարգացում ապրի, հետո էլ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները վերականգնվեն նախկին մակարդակի: Երկու տարբերակ է հնարավոր, որ տնտեսական շրջափակումից դուրս եկած Իրանը սկսի Հայաստանի ու Իրանի միջև երկաթգծի, նավթամուղի կառուցումը ու զանազան նախագծերի իրականացումը: Եվ հնարավոր է նաև, որ շրջափակումից դուրս եկած Իրանը երկրորդական նշանակություն տա Հայաստանի հետ հարաբերություններին, քանի որ այդ նախագծերը Իրանի համար կարևոր էին մեկուսացումը հաղթահարելու համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «Վեցյակի» միջև ձեռք է բերվել համաձայնագիր, որը պետք է ստորագրվի ամռանը: Համաձայնագրի համաձայն Իրանը աստիճանաբար պետք է ազատվի Արևմուտքի սահմանած պատժամիջոցներից:
Միաժամանակ, իրանագետը նշեց, որ Իրանի համար Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները ավելի շատ կարևոր են քաղաքական, ոչ թե տնտեսական առումով:
«Թուրք-ադրբեջանական ազդեցությանը դիմադրելու համար, իրանցիները գերակայությունը տալիս են քաղաքական շահին ու դժվար թե վատատեսական սցենարով ընթանան իրադարձությունները»,- ասաց նա:
Իրանագետ Գոհար Իսկանդարյանն էլ նշեց, որ այդ երկաթգծի կառուցումը իրականում ավելի շատ անհրաժեշտ է Հայաստանին, քանի Իրանին, որովհետև նաև ունի բազմաճյուղ երկաթգիծ, որը կապվում է Պակիստանի, Հնդկաստանի հետ. Հայաստանի հետ երկաթգիծ ունենալը Իրանի համար կարևոր է քաղաքական առումով:
«Եթե Իրանը որոշի, որ պետք է կառուցվի երկաթգիծը, ինքը պետք է կառուցի 60 կմ, իսկ Հայաստանը՝ 200 կմ: Իրանը Հայաստանին չի նվիրելու այդ գումարները, մենք այդ գումարներ պետք է հայթայթենք: Երկաթգծի կառուցումը մշուշոտ վիճակում է գտնվում: Բայց կարծում եմ, որ եթե Իրանի նկատմամբ վերացվեն պատժամիջոցները, Հայաստանի ու Իրանի միջև առաջին ծրագիրը, որ կիրականացվի Մեղրու ՀԷԿ-ն է, որը 10 տարուց ավելի է կառուցվում է ու չի ավարտվում»,- ասաց նա:
Գոհար Իսկանդարյանը միաժամանակ ընդգծեց, որ անկախ ամեն ինչից Հայաստանի շահերից է բխում Իրանի տնտեսական շրջափակումից դուրս գալը:
«Հայաստանի համար նոր հորիզոններ կարող են բացվել, եթե Հայաստանը ԵՏՄ-ի շրջանակներում ակտիվորեն համագործակցի Իրանի հետ: Սակայն իրանական կողմը միշտ նշել է, որ դեռ Հայաստանը պետք է իր հերթին հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում այս ինտեգրումը, որից հետո հնարավոր կլինի քննարկել տնտեսական համագործակցության մի շարք հարցեր»,- ասաց նա:



