Ապրիլի 8-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ցանցահեններն արգելափակել են ֆրանսիական TV5Monde հեռուստատեսության բոլոր ալիքների հեռարձակումը և կոտրել նրա հաշիվները սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Facebook և Google Plus կայքերում: Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Իվ Բիգոյի խոսքերի՝ ավելի քան 200 երկրներում հեռարձակում ունեցող հեռուստաալիքը ստիպված է եղել մոտ 3 ժամ դադարեցնել եթերը: Հարձակումը բավականաչափ ուժգին է եղել, ինչի հետևանքով էականորեն տուժել են հեռուտատեսության համակարգային ենթակառուցվածքները: Իսկ հեռուստաընկերության ֆեսյբուքյան էջում ԻՊ-ի կիբեր-ստորաբաժանման մասնագետները ֆրանսիացի զինվորներին ուղղված սպառնալիքներ պարունակող գրություն են տեղադրել՝ զգուշացներով նրանց՝ հրաժարվել ԻՊ-ի դեմ ծավալվող ռազմական գործողություններից:
«Ֆրանսիական բանակի զինվորներ, հեռու՛ մնացեք «Իսլամական պետությունից»: Դուք հնարավորություն ունեք փրկելու ձեր ընտանիքները, օգտվե՛ք դրանից: Կիբերխալիֆայությունը շարունակում է «կիբերջիհադը» ԻՊ-ի թշնամիների դեմ»,- գրված էր վերոնշյալ գրության մեջ: 
Բացի նշվածից, իսլամիստ ցանցահենները հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրել են նաև անձը հաստատող վկայականներ և այլ փաստաթղթեր, որոնք, իրենց իսկ պնդմամբ, պատկանում են Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ մարտնչող ֆրանսիացի զինծառայողների հարազատներին: 
Միևնույն ժամանակ, ի պատասխան ԻՊ-ի կողմից անընդհատ հնչող սպառնալիքների և անընդհատ իրականացվող կիբերհաևձակումների, դեռևս մարտի կեսերին ծայրահեղական կառույցի դեմ հայտարարված կիբերպատերազմի շրջանակներում Anonymous աշխարհահռչակ ցանցահենների խումբը նոր խոշորամասշտաբ հարձակում է նախաձեռնել իսլամականների դեմ: «‪#‎OpISIS‬» կոդային անվան տակ իրականացված հերթական հատուկ գործողության թիրախ են դարձնել ԻՊ-ին սպասարկող շուրջ 233 կայքեր, որոնցից 85-ը, ցանցահենների պնդմամբ, ոչնչացվել են: Բացի այդ, ավելի վաղ Anonymous-ի մասնագետները հրապարակել են ծայրահեղական կառույցի հետ կապ ունեցող նախ 9200, ապա՝ շուրջ 25 հազար թվիթերյան հաշիվներ պարունակող ցուցակներ:
Այս համատեքստում, Anonymous-ը նաև կոչ է արել համաշխարհային ԶԼՄ-ներին՝ տարածել բոլոր այդ կայքերի ցուցակները, այս ոլորտում գործող կառուցներին՝ առավել հետևողական լինել և զերծ մնալ հանուն նվազագույն նյութական շահերի ԻՊ-ի գործունեությանը նպաստելու գործողություններից՝ նաև այս հարթակում ԻՊ դեմ առավել արդյունավետ կերպով պայքարելու նպատակով:
Ինչպես տեսնում ենք, ժամանակակից հակամարտությունների անքակտելի և առանցքային բաղադրիչ է հանդիսանում նաև վիրտուալ հարթությունը: Այս ոլորտում ևս շատ հաճախ տեղի են ունենում բավականաչափ մասշտաբային բախումներ՝ նյութական տեսանկյունից, այս դեպքում, համակարգային ենթակառուցվածքներին ուղղված լուրջ վնասներով, բայց որ ամենակարևորն է՝ իրականից միայն մեկ էական տարբերությամբ, առանց մարդկային կորուստների: 
Anonymous-ի կողմից հրապարակված ԻՊ-ի գործունեության հետ առնչվող էլեկտրոնային կայքերի ցուցակը` այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել