Իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ բավականին բարդ և խճճված փոխհարաբերությունների համատեքստում Հայաստանը թևակոխեց վտանգավոր և ալեկոծվող կայունության մի շրջափուլ, որը ներկայացվում է որպես 100-ամյակին ընդառաջ համազգային համերաշխություն: Դեռ ավելին, կարծես թե համակցված կամ էլ զավեշտական զուգադիպությամբ որքան մեծանում է հայրենասիրական պոպուլիզմը, այնքան խորանում է ճգնաժամը: 
Եթե ճգնաժամը վերահսկելի է, ապա, որպես կանոն, դրան պետք է հաջորդի թռիչքը, իսկ Հայաստանում այն ոչ միայն դուրս է վերահսկողությունից, այլ նաև ինքնահոս վիճակում է թողնված: Այսինքն` պետությունը վերածվել է ծխացող թմբիրի, և պարզ չէ, թե մոտ ապագայում որտեղ կարող է խոշոր պայթյուն արձանագրվել: Իսկ առավել աղետալի հետևանքների կարող է բերել հատկապես այն հանգամանքը, որ առաջին հերթին գտնված չեն ճգնաժամի պատճառները և դրանից բխող կանխարգելման միջոցները, ինչպես նաև ոչ մի կերպ չի հաջողվում կանխատեսել հնարավոր ցնցումների չափերն ու ընդգրկման սահմանները: 
Այս ամենին զուգընթաց հայության առջև դրված մարտահրավերները դժվար թե հնարավոր լինի տեղավորել նեղ քաղաքական շրջանակներում: Վերևում մատնանշված անվերահսկելի ճգնաժամն աստիճանաբար ներթափանցել է քաղաքակրթական համակարգ՝ պարալիզացնելով գրեթե բոլոր ոլորտները: Այսինքն` քաղաքական պատճառներով առաջացած քաղաքակրթական կոնֆլիկտն այլևս կանխարգելում է առաջինի վերակենդանացումը: Մյուս կողմից, եթե փորձենք մեկ նախադասությամբ ձևակերպել արժեհամակարգային ճգնաժամը, ապա կստացվի մոտավորապես այսպես` համակեցական կառույցը, որին մենք անվանում ենք հասարակություն՝ խզելով իր կապերը քաղաքակրթական համակարգի հետ, փիլիսոփայական տեսանկյունից չի կարողանում ընկալել անհրաժեշտ արդիականացման միտումները: 
Ըստ էության, Հայաստանի քաղաքական կյանքի կայացումը, ինչպես նաև դրանից բխող քաղաքակրթական խնդիրների կարգավորումը պետք է առաջնորդի հասարակական լայն շերտերի շահերը ներկայացնող ընտրախավը, որը, լինելով ընդդիմություն, ոչ միայն պետք է արմատապես փոխի արժեհամակարգային կացութաձևը, այլ նաև աստիճանական քայլերով վերցնի իշխանությունը և ձևավորի պետության՝ կյանքի բոլոր ոլորտները կարգավորող կառավարման համակարգ: Ընտրախավը և կառավարման համակարգը վերբնական, անտեսանելի կամ էլ վերացական հասկացություններ չեն: Դրանց առարկայական դրսևորումները կարելի է տեսնել մի շարք զարգացած և զարգացող պետություններում: 
Վերը մատնանշած խնդիրների միջոցով թերևս մասամբ հնարավոր է դառնում հասկանալ ներկայումս ստեղծված պարադոքսալ իրավիճակի էությունը: Պարադոքսալ, քանի որ, ըստ էության, իշխանությունը, ընդդիմությունը և ժողովուրդը, կարծես թե, իրարից անկախ, իրար հետ կապ չունեցող ինստիտուտներ լինեն: Առաջին հերթին դրանք չեն կարողանում ըստ պատշաճի արձագանքել իրենց առջև դրված մարտահրավերներին, իսկ մյուս կողմից չեն կարողանում ընկալել փոխադարձ հարաբերման և շփման ազդակները: Այսինքն` նմանվել են չաշխատող ռադիոընդունիչի, որը ոչ մի կերպ չի կարողանում որսալ ռադիոալիքները:
Իշխանությունները զբաղված են իշխանության պահպանման և ամրապնդման խնդիրներով: Ընդդիմությունը նրանց համար ընկալվում է որպես զուտ քննադատական ելույթներ հնչեցնող բազմություն, իսկ որևէ գործնական քայլի փորձ խեղդվում է՝ դեռևս բնից դուրս չեկած: Իսկ պետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրներն այդպես էլ մնում են առկախված:
Ընդդիմությունը` որպես այդպիսին, կարելի է բաժանել երկու խմբի՝ պոպուլիստական հայտարարություններ հնչեցնողներ, որոնք խոսում են բարձրաձայն, բայց չեն ցանկանում աշխատել և կրկին պոպուլիստական հայտարարություններ հնչեցնողներ, որոնք արդեն ցանկանում են աշխատել, բայց այն, ինչ նրանք անվանում են աշխատանք, տարիներ անց պատմաբանները կորակեն որպես արկածախնդրություն: Բնականաբար երկու խմբերն էլ իշխանությունների հետ կապ չունեն այնքանով, որ չունեն համապատասխան լծակներ դրանց հավասարակշռելու, որոշումների կայացման վրա ներազդելու համար: Իսկ ժողովուրդ-ընդդիմություն կապը թերևս գտնվում է ամենաողբերգական իրավիճակում, քանի որ փոխադարձ կապը գրեթե բացակայում է:
Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա, ինչպես վերևում նշվեց, այն որևէ կերպ կապ չունի ո՛չ ընդդիմության և ո՛չ էլ իշխանությունների հետ: Մարդիկ իրենց համար հանգիստ գնում են աշխատանքի, երբեմն դժգոհում են, պոռթկում են, բայց, չունենալով որևէ հենման կետ, կա՛մ արտագաղթում են, կա՛մ էլ՝ համակերպվում և լուռ հանդուրժում: Կարծես թե մարդիկ համակրում են ընդդիմությանը և, մեղմ ասած, չեն սիրում իշխանություններին, բայց պարադոքսը հենց այստեղ է թաքնված. նրանք ոչ մի կերպ չեն արձագանքում նույնիսկ այն դեպքում, երբ այս կամ այն շարժման առաջնորդները ճնշումների արդյունքում հեռացվում են կամ էլ ձերբակալվում: Պատմական պրակտիկան փաստում է, որ նման իրավիճակներում, երբ առաջնորդները ձերբակալվում են, ժողովուրդը, որպես կանոն, ենթարկվում է մեխանիկական մոբիլիզացիայի: Բայց այս դեպքում, ինչպես տեսնում ենք, կատարվում է ճիշտ հակառակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել