Kim_Kardashyan_101in.am-ը գրում է.

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Քիմ Քարդաշյանի երևանյան այցին:

Թուրքական ամենահեղինակավոր թերթերից «Հյուրիյեթն» արդեն մի քանի անդրադարձ է կատարել Քիմի այցի վերաբերյալ:

«Հայկական արմատներով ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը 21 ամսական դստեր և ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան է մեկնել: Քարդաշյանն այդ երկրում հեռավոր ազգականների հետ է հանդիպելու:

Բավական ջերմ ընդունելությունից հետո 9 օր Հայաստանում մնալ պատրաստվող Քիմ Քարդաշյանը Ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ է պատրաստելու: Քարդաշյանների ռեալիթի-շոուի համար էլ առանձին հաղորդում է նկարվելու, որի ժամանակ ներկայացվելու է նրանց շրջագայությունը Հայաստանում»,- գրում է «Հյուրիյեթն» իր հոդվածում, որը վերնագրել է՝ «Քիմ Քարդաշյանից՝ «ցեղասպանության» մասին փաստավավերագրական ֆիլմ»:

Թուրքական հեղինակավոր աղբյուրներից «Ռադիքալը» ևս իր էջերում տեղ է հատկացրել Քարդաշյանի այցին՝ նշելով, որ «Քիմը Հայաստան է եկել Ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ նկարահանելու»:

Եվս մեկ հայտնի թուրքական պարբերական՝ «Վաթան»-ը, անդրադառնում է Քարդաշյանի այցին՝ նշելով, որ հայտնի աստղը Երևան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Թուրքական աղբյուրը նաև հավելում է, որ սպասվում է հոլիվուդյան ևս մեկ հայտնի դերասանի՝ Ջորջ Քլունիի այցը Երևան:

Թուրքական ճանաչված հեռուստաալիքներից NTV-ն ևս անդրադարձել է Քարդաշյանի այցին՝ նշելով, թե «նրան Հայաստանում թագուհու պես են դիմավորել»:

Թուրքական հեռուստաալիքը ներկայացրել է Քիմի այցից լուսանկարներ, ապա նշել, որ նա «Երևան է ժամանել 1915-ի դեպքերի 100-րդ տարելիցի կապակցությամբ»:

Մի շարք այլ թուրքական լրատվամիջոցներ ևս լուսաբանել են Քարդաշյանի և Ուեսթի ժամանումը Հայաստան:

Նշենք, որ թուրքական ամենատարբեր լրատվամիջոցներ մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Քիմ Քարդաշյանին, ով, կարելի է ասել, թուրքական մեդիայում ամենահայտնի աստղերից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել