Tert.am-ը գրում է.

Իսպանական La Tribuna del País Vasco  պարբերականի վերլուծաբան լրագրող  Նիկոլաս դե Միգելը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին` անդրադառնալով նաև բնաջնջման արշավի արդյունքում հասցված մշակութային վնասին, ողջ մարդկությանը պատկանող դարավոր մշակութային ժառանգության կործանմանը:

«1915-ի ապրիլի 24-ին Ստամբուլում` հնագույն Կոնստանդնուպոլսում, սկսվեց մեծ կոտորածը, բնաջնջման փորձ, որը դարձավ 20-րդ դարի առաջին համակարգված, զանգվածային Ցեղասպանությունը:

Այն իրականացվեց բացարձակ հստակությամբ` սկսելով սոցիալ–մշակութային և կրոնական վերնախավից`ասես գլխատելով Արևմտյան Հայաստանի   բնակչությանը:  Օսմանյան կայսրության հայ համայնքը նախկինում արդեն մի շարք հետապնդումների էր ենթարկվել, որոնք նախապատրաստությունն էին Ցեղասպանության: Համայնք, որի հազարամյա մշակութային ժառանգությունը այժմ արմատավորված է աշխարհագրական նվազագույն տարածքում:  Ահա, թե ինչու հայերի ֆիզիկական բնաջնջմանը գումարվում է մշակութային ցեղասպանությունը, որի  հետևանքն այն է, որ պատմական Հայաստանի 90 տոկոսը, բացի Կիլիկիայից, որը տարածվում էր մինչև  Բարձր դուռ նավահանգիստ, գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում: 

Ցեղասպանությունն սկսվեց գարնանը` մեկ դար առաջ` որպես հանցագործություն ողջ մարդկության մշակութային  ժառանգության  հանդեպ: Հայոց հարցը, հետևաբար, արդիական է, այն  բաց վերք է, որը արյունահոսում է և չի բուժվի, եթե վերջնական ճանաչում չգտնի:

Այս ազգային-մշակութային Ցեղասպանությունը ավելի քան մեկուկես միլիոն հայի կյանք է խլել, այն էլ՝ ամենաահասարսուռ  կերպով, որ հնարավոր է պատկերացնել: Ահա, թե ինչու այդ օրը պետք է հիշենք որպես սգո օր ողջ մարդկության համար, որպես սև օր հայերի համար, որոնք բնակվում են ինչպես անդրկովկասյան երկրում, այնպես էլ՝ Սփյուռքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել