Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նման հայտարարություն ընդունելու անհրաժեշտություն կա, և ՀՀԿ-ն միաձայն կողմ է քվեարկելու հայտարարությանը: 

Նա նշեց, որ միգուցե ելույթ չունենար, եթե իրենից առաջ որոշ պատգամավորներ հայտարարություններ չանեին, որոնք չի կարելի անվանել ազգային ու պետական շահերը սպասարկող:

Նշենք, որ քննադատական ելույթով էր հանդես եկել «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Լևոն Զուրաբյանը և հայտարարությունը որակել հակապետական:

«Միգուցե կարող է սպասարկել այլ շահեր, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է էթիկա ունենա, և երբ մի բան ասում է, պետք է լսի նաև պատասխանը: Մենք միշտ պատրաստ ենք լսելու»,-ասաց Է. Շարմազանովը՝ նկատի ունենալով, որ ՀԱԿ պատգամավորը բացակայում է դահլիճից: 

«Բայց քանի դեռ այստեղ չեն, իրենց շեֆը, կարծում եմ, հետաքրքրությամբ կլսի, մանավանդ խոսքս էլ ուղղված է իրենց քաղաքական առաջնորդին: Նախ՝ 25 տարին ցույց տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իմ թիմով հանդերձ, ինչպես բուրբոնների մասին էին ասում, ոչինչ չի մոռացել և ոչինչ էլ չի սովորել: Հայոց պետականության այս ժամանակաշրջանը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը ցեղասպանության միջազգային ճանաչման, իսկ ըստ իս՝ պարտվողական քաղաքականությունն ընդունելի չէ ոչ միայն ՀՀ քաղաքական ուժերի մեծամասնության, այլև հայ հասարակության ու սփյուռքի կողմից, և միգուցե դա է ջղաձգումների մեջ գցել հարգարժան պարոնին»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

ԱԺ նախագահն իր զարմանքը հայտնեց, թե այս ամենից խոսում են մարդիկ, ովքեր իրենց քաղաքական հիմքում դրել են «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» թեզը:

«Մարդիկ, ովքեր ցեղասպանության միջազգային ճանաչումը չեն էլ դրել իրենց քաղաքականության հիմքում և այսօր խոսում են ուրացումից: Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին: Մարդ, որ այս ամբիոնից ասում է, որ պահանջատիրությունը սխալ է, այսօր այն քաղաքական ուժերին, ում օրոք ՄԱԿ-ի ամբիոնից մինչև Եվրապառլամենտի ամբիոն մեր պատգամավորներն ու պետության առաջնորդը խոսում են ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու ժխտողականության քրեականացման մասին, խոսում է ուրացումից: Հիմա ո՞վ է ուրանում»,-հարցրեց նա:

«Մի հատ կողմնորոշվի, եթե դեմ ես միջազգային ճանաչմանը, տղամարդավարի կանգնի ու ասա, որ դեմ ես ու էլ մի ասա, որ հաշտեցման գործընթացի ժամանակ եղավ ուրացում»,-կոչ արեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել