Դեռ Սովետական միությունից ենք մենք ավտորիտար կառավարման գերարժևորումը կտակ ստացել, ու դրան ձգտում են ինչպես նրանք, ովքեր ոչ մի իշխանություն չունեն, այնպես էլ նրանք, ովքեր այդ իշխանությամբ օժտված են։ Բացառություն չեն նաև բարձրագույն իշխանության կրող հանդիսացող մեր իշխանական խավի ներկայացուցիչները։ Արդյունքում, մեր իշխանական համակարգն իր մեծամասամբ հենց ավտորիտարիզմի վրա է հիմնված, բայց այսօր արդեն ականատես ենք լինում նրան, թե ինչ դեգեներատիվ ուղղություն է դա։ Դիտարկենք օրինակ մեր պետական ինստիտուտների օրինակները. որո՞նք են աչքի ընկնում իրենց անարդյունավետությամբ, իսկ որոնք՝ էֆեկտիվությամբ։ Օրինակ՝ համեմատենք Արտգործնախարարությունն ու Պաշտպանության Նախարարությունը...
Պարոդոքսալ է, բայց փաստ, ԱԳՆ-ը, որը պետք է լինի փափուկ ուժի և դիվանագիտական մոտեցումների մարմնավորումը, այսօր հանդիսանում է մեկ անձի առանցքի շուրջ պտտվող, տեղում դոփող ու խիստ բացասական հանրային ընկալում ունեցող կառույց, իսկ դրա ղեկավարը, որից սարսռում են ենթակաները, նույնիսկ ցանկության դեպքում չի կարողանում այնպես անել, որ իր կառույցը գործի հավուր պատշաճի։ Ի վերջո, կարո՞ղ եք նշել մի այնպիսի որակական փոփոխություն, որն արձանագրել է ԱԳՆ-ն վերջին 5-7 տարիների ընթացքում, որևիցե բեկումնային առաջընթաց ու իմիջի դրական փոփոխություն։ Ես չեմ կարողանում նման բան մտաբերել։
Փոխարենը, որպես համեմատության եզր ունենք ՊՆ-ն, որի ղեկավարն այնքան նրբորեն է կառուցում իր կառավարումը և իրականացնում իր գործառույթները, որ այսօր հանդիսանում է այդ մակարդակի պետպաշտոնյաների մեջ ամենապոպուլյարն ու հարգվածը՝ ինչպես հասարակ ժողովրդի մոտ, այնպես էլ վերնախավում, բայց միևնույն ժամանակ կարողանում է խորքային բարեփոխումներ իրականացնել իրեն ենթակա կառույցում, որոնց տված արդյունքները դեռ մի քանի տարի առաջ անիրականանալի կարող էին թվալ։
Ինչո՞ւմ է գաղտնիքը։ Ո՞նց է ստացվում, որ ավտորիտար կառավարումն այսքան անշահեկան դիրքում է հայտնվում փափուկ ուժի հանդեպ և դա այն պարագայում, երբ փափուկ ուժի կրող է առաջին հայացքից ամենաավտորիտար պետական ինստիտուտի ղեկավարը։ Կա թյուր կարծիք, որ ամեն ինչ գալիս է մարդկային որակներից։ Ինչ խոսք, մարդու ով ու ինչպիսին լինելը մեծ նշանակություն ունի, բայց սխալ է բարձրաստիճան պաշտոնյաներին, այն էլ նախարարի պաշտոնում, դիտարկել զուտ իրենց անձնային որակներով, որովհետև դա անխուսափելիորեն բերելու է սխալ եզրահանգումների ու կոգնիտիվ դիսոնանսի։
Եթե վերադառնանք նույն Նալբանդյանի ու Օհանյանի պայմանական համեմատությանը, ապա երկու դեպքում էլ բախվում ենք նման թյուրիմացությունների։ Օրինակ, շատերին թվում է, թե Նալբանդյանը վատ դիվանագետ է ու խիստ չոր մարդ, և անձամբ նրա անձի հետ են կապում ընդհանուր համակարգի բոլոր ձախողումները։ Մինչդեռ, Նալբանդյանը հանդիսանում է խորհրդային ու հսկայական դիվանագիտական դպրոցի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը, խիստ կրթված ու բարեկիրթ անձնավորություն է։ Մյուս կողմից, կա թյուր կարծիք, որ Օհանյանն է խիստ փափուկ ու նույնիսկ թույլ մարդ, որը բոլորին գերում է իր բարությամբ ու զսպությամբ, մինչդեռ, անհնար է, լինելով խիստ փափուկ ու թույլ, խորհրդային բանակում դառնալ փոխգնդապետ, հետո անցնել պատերազմի բովով և նույնիսկ ոտքը կորցնելուց հետո չլքել զինված ուժերը, իսկ որ ամենաակնառուն է՝ ընդամենը 10 տարում անճանաչելիորեն փոխել բանակի դեմքը։
Այդ արդյունավետության ու անարդյունավետության գաղտնիքն, ըստ իս, հենց ղեկավարման ձևի ու կորպորատիվ քաղաքականության մեջ է։ Օհանյանն իր ղեկավարումն իրականացնում է ոչ թե հենվելով զուտ իր զբաղեցրած պաշտոնից բխող լիազորությունների վրա, այլ ավելի բարձր և մնայուն արժեքների, և ամեն անգամ դա ամրապնդում է գրանցված դրական արդյունքով։ Արդյունքում որոշումները կայացվում են ոչ թե «Որովհետև ես եմ այդպես հրամայում» սկզբունքով, այլ «Որովհետև այսպես է ճիշտ» սկզբունքով, և որպես հետևանք՝ այսօր նրա հասցեին թթու խոսք չես լսի, իսկ այդ փափկությունն իրականում թվացյալ է, պարզապես շատերը բարեկրթությունն ու պատկառելի կեցվածքն են շփոթում փափկության հետ, մինչդեռ միայն վերջին մի քանի տարում բանակից դուրս մղված գեներալների թվին ու անուններին ծանոթանալով՝ արդեն կարելի է հասկանալ, որ փափկության մասին խոսք լինել չի կարող։
Այս օրինակով մենք կարող ենք տեսնել, որ մեր իրականությունում շատ ավելի մեծ պահանջարկ ունի ոչ թե «գոռգոռացող, պատժող ու ամեն ինչ որոշող» ավտորիտար ղեկավարման ձևը, այլ պրոֆեսիոնալիզմի, քաղաքավարության և արդյունքին ուղղորդված կառավարության ձևը, որտեղ համակարգի ստորին օղակները գործում են ոչ թե վախից մղված ու ստիպված, այլ մոտիվացված են հարգանք վայելող վերադասին լավ արդյունք ցուցաբերելուն, իսկ եթե հարգանք վայելող վերադասը մի բան էլ անձնական օրինակով է այդ ամենն ամրապնդում, ողջ համակարգն է սկսում կերպարանափոխվել։ Այ հենց դրանում է իսկական ուժը։
Օհանյանին թույլ համարողները քարի դարում են մնացել, և իրենց թվում է, թե մարդկանց ծեծելով ու վախի մթնոլորտում պահելով՝ կարելի է հաջողության հասնել, և դա ոչ թուլության նշանն է: