Հարգելինե՛րս, յուրաքանչյուր օր լի է հասարակական և քաղաքական լավ ու վատ իրադարձություններով:  Հոկտեմբերի 22-ը նույնպես չառանձնացավ այդ օրերից՝ քաղաքական և հասարակական իրադարձությունների քիչ թե շատ հագեցվածությամբ։
Մայրաքաղաքում՝ մասնավորապես կենտրոնում, այսօրվա լուաբացը տարբերվեց մնացածներից: Այսօր առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում ոմն երիտասարդներ <<Նիսսան>> մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում և Թումանյան փողոցում երևի իրենց մեքենան թեստդրայվ էին անում: Երիտասարդները գերազանցել էին թույլատրելի արագությունը և հետն էլ բարձր երաժշտությամբ խանգարում էին քաղաքացիների առավոտյան հանգիստը: Սակայն նրանց խրաղճանքը երկար չտևեց, և <<օրինախախտ որսացող>> պետավտոտեսուչները նկատեցին նրանց և բերման ենթարկեցին՝ չնայած այն փաստին, որ վարորդն ու ուղևորը չէին ենթարկվել ոստիկանների հրահանգներին և նույնիսկ  հայհոյել էին նրանց հասցեին: Ըստ ոստիկանության բաժանմունքի հաղորդած տեղեկության՝  երիտասարդներից մեկը երգչուհի Լիլուն է, իսկ մյուսը՝ ոմն Կ. Պ.:
Սակայն սա ուղղակի երիտասարդների խաղ էր, որը լուրջ հետևանքներ չթողեց հասարակական կյանքում: Իսկ օրվա ընթացքում մեծերի խաղը կարող է հետքեր թողնել և՛ քաղաքական, և՛ հասարակական կյանքում:
Ինչպես գիտենք, մոտենում են նախագահական ընտրությունները, և ամեն օր նոր քննարկումներ, նոր բախումներ ու նոր այլ իրադարձություներ են տեղի ունենում:
Այսօր <<Ազատ Դեմոկրատներ>> կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, վրդովված
իրենց և <<Ժառանգություն>> կուսակցության բաժանման փաստից, նշեց, որ հույս ուներ՝ միավորված ընդդիմադիր դաշինքը կլցնի միասնական ընդիմության բացը, սակայն ինչ տեղի ունեցավ,  զուրկ էր քաղաքական կանոններից (ի նկատի ունենալով իրենց և <<Ժառանգության>> բաժանումը):
Իր հայտարուրաթյամբ օրվա իրադարձությունները <<հարստացրեց>> նաև Գալուստ Սահակյանը: Նա մեղադրեց ընդդիմությանը, մասնավորապես ՀԱԿ-ին, պետությունը ավազակապետություն անվանելու մեջ՝ նշելով, որ պետությունը հենց ինքը ժողովուրդն է: Գ. Սահակյանն ավելացրեց նաև. <<ԱԺ-ն ուրիշ է, միտինգի տեղն՝ ուրիշ>>: Մեղադրեց ՀԱԿ-ին ժողովրդի և իշխանությունների միջև թշնամություն սերմանելու մեջ, ինչպես նաև որոշեց ՀԱԿ-ին սերիալի սիրահար անվանել՝ ասելով.
 - Քննարկում եք սերիալների խնդիրը... Եղբա՛յր, սաղ օրը նստած սերիալ եք նայում, հիմա դուրներդ չի եկել, քննարկում եք: Գոնե դուք մի՛ նայեք, լավ էլ նայում եք ըստ երևույթին:
Սերիալների և ընդհանրապես հեռուստաընկերությունների թեման շարունակելով՝ տեղեկացնեմ, որ այսօր ԱԺ-ում  Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ ելույթի ժամանակ մեղադրական և կարելի է ասել նաև դաստիարակչական արտահայտություններ արեց Հանրային հեռուստատեսության և ռադիոյի հասցեին: Մասնավորապես նշեց. <<ՀՀԸ-ի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը այդպես էլ չկարողացավ ներկայացնել 2010-2011 թվականների հաշվետվություններում, թե որքան գովազդ է հեռարձակվել հանրային ռադիոյի և հեռուստատեսության եթերով>> : Պատգամավորի պնդմամբ՝ Ա. Հարությունյանը համառորեն խուսափեց այդ հարցին անդրադառնալ, ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը,   <<հեքիաթներ բալլդներ է պատմում>> : Նա նաև ավելացրեց, որ ՀՀԸ-ում <<ատկատների>> ռիսկեր կան:
ՀՀԸ-ին անդրադարձավ նաև <<Ժառանգության>> պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ նշելով. <<Հանրային հեռուստաընկերությունը նրա համար չէ, որ ֆիլմեր նկարի՝ այն էլ այնպիսի քարոզչությամբ, որ բթացնի մեր երեխաներին, մեր երեխաները չունենան ՀՀ քաղաքացի լինելու զգացում, այլ պետք է հասարակության մեջ սերմանի պարտավորություն՝ քաղաքացի դաստիարակելու>>:
Ինչպես հասկացանք, այսօր ԱԺ-ի քննարկման թեման ակամայից դարձել էր ՀՀԸ-ն, և մեր առաջին և հանրային ալիքի մասին միայն հնչեցին բացասական կարծիքներ և դիտարկումներ մեծամասամբ ընդդիմադիր պատգամավորների կողմից:
Հոկտեմբերի 22-ի կարևորագույն նորություններից առանձնացրել էի այսքանը: Եվ վերջում մի միջազգային փոքրիկ լուր-մեջբերում. Թուրքմենստանի Իզգանտ գյուղում կանգնեցվել է երկրի նախագահի հոր՝ Մյալիկգուլի Բերդիմուհամեդովի արձանը: Երանի գա մի օր, որ մենք, ոչ թե շարժվելով անձապաշտության սկզբունքներով, ինչպես Թուրքմենստանում է, այլ ելնելով մեր նախագահի հանդեպ ունեցած սիրո ու հարգանքի զգացումից, նրա հոր արձանը կանգնեցնենք  ՀՀ-ի գոնե հեռավոր գյուղերից մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել