Լոզանի բանակցություններում արձանագրված բեկումնային առաջընթացից հետո թվում էր, թե ամեն ինչ պարզ է, ու Իրանն աստիճաաբար վերադառնում է Արևմտյան տերությունների շահերի տիրույթ, բայց ինչպես և գրել էի, Իրանը չափազանց հին քաղաքակրթություն է, որը հրաշալի տիրապետում է Մեծ խաղի կանոններին, և անհավանական է թվում, որ Իրանը միամտաբար իրեն գցի Արևմուտքի գիրկը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Եվ արդեն օրեր անց իմանում ենք, որ Լոզանյան համաձայնագրերի վրայի ստորագրությունների թանաքը դեռ չչորացած՝ Իրանը տհաճ անակնկալ է մատուցում Արևմուտքին, որտեղ արդեն վստահ էին, որ լուծել են Իրանի միջուկային հիմնախնդիրը։ Նախագահ Ռոհանին, ի հեճուկս ձեռք բերված պայմանավորվածությունների, հայտարարել է ազգային հեռուստատեսությամբ, որ կստորագրեն համաձայանագրերը միայն այն դեպքում, եթե Արևմտյան պատժամիջոցները հանվեն անմիջապես, այլ ոչ թե համաձայնագրի վերջնական կնքումից 9 ամիս անց, ինչպես պայմանավորվել էին։
Սա բարդ կացության մեջ է գցում Արևմուտքին, որն առանց այն էլ չի կարող չափից դուրս սևեռվել Իրանի վրա և հիմա առավելապես կենտրոնացած է Ռուսաստանին հակազդելու վրա և փաստորեն հիմա բարդ երկընտրանքի առաջ է կանգնած։ Պետք է կամ զիջումների գնալ ու կատարել իրանական պահանջները, ինչը շեշտակի կբարձրացնի Իրանի՝ առանց այն էլ բարձր վարկանիշն ու ազդեցությունը և կթուլացնի Արևմուտքինը, կամ էլ հրաժարվել դրանց կատարումից և ջուրը գցել ամիսների բանակցությունները և Իրանին ռուս-չինական ճամբարից հեռանկարում պոկելու հույսերը։ Երկու դեպքում էլ Արևմուտքն աննախանձելի դրության մեջ է հայտնվում։