Tert.am–ը գրում է.

Ուրուգվայի փոստային ծառայությունը և Արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 7-ին ներկայացրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշը` հիշեցնելով.

«Ուրուգվայն առաջին երկիրն է եղել, որը 50 տարի առաջ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մի քայլ, որն արդիական է մնում մինչ օրս», - ասել է Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան` հավելելով, որ երկիրը ապրիլի 24-ին պաշտոնական պատվիրակություն կուղարկի Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Նրա կարծիքով` երկու երկրի միջև հարաբերությունները «ապրում են  լավագույն ժամանակները», իսկ նամականիշը «խորհրդանշում է Ցեղասպանության դաժան հանցագործության  զոհերի հիշատակը»:

Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանն, իր հերթին, ցավ է հայտնել, որ «այս տառապանքը, որի 100 տարին է լրանում, դեռ չի ճանաչվել ողջ աշխարհի կողմից, որը կարող է օրինակ վերցնել Ուրուգվայից:

«Մեծ հպարտություն է մեզ համար, որ Ուրուգվայն ընդունել է մեր ծնողներին և տատիկ-պապիկներին, նրանց ապահովել է աշխատանքով և թույլ տվել յուրաքանչյուրիս՝ սովորել ու ապրել խաղաղության երկրում», - ընդգծել է Լիլիամ Քեշիշյանը:

Ուրուգվայում հայ եկեղեցու արքեպիսկոպոս Հակոբ Քեդենջյանը ևս կարևորել է այդ երկրի դերը Հայոց ցեղասպանության միջազգային  ճանաչման գործում:  «Հպարտ ենք, որ ապրում ենք մի երկրում, որը պայքարում է արդարության հաստատման և մարդու իրավունքների համար», - նշել է արքեպիսկոպոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել