Մեծ գոհունակությամբ նկատում եմ, որ հատկապես վերջին շրջանում ՊՆ-ն խիստ ակտիվացել է ռազմական արդյունաբերության զարգացման ու ընդլայնման վրա։ Դրա մասին վկայում են վերջին ամիսներին հաճախակիացած մամլո հաղորդագրությունները՝ այս կամ այն ռազմաարդյունաբերական ձեռնարկություն Սեյրան Օհանյանի կատարած հերթական այցի, ԲՈՒՀ-երի ռեկտորների հետ համագործակցության հուշագիրներ ստորագրելու և նորանոր ձեռնարկությունների ու պրոյեկտների բացման մասին։
Թեև ոլորտն ավանդապես բավականին փակ է, բայց տեղեկատվական բաց աղբյուրներից այսօր արդեն գիտենք, որ մեր ռազմական արդյունաբերությունը նույնիսկ 90-ականների ալան-թալանից հետո վերջնականապես չէր տապալվել, ինչպես արդյունաբերության շատ այլ ճյուղեր, և այս տարվա դրությամբ այն կատարում է այնպիսի բարդ տեխնոլոգիական խնդիրներ, ինչպես զինամթերքի արտադրություն, զրահաբաճկոնների ու քողարկող միջոցների արտադրություն, հայկական զենքերի նախագծում ու արտադրություն, և որ առավել թարմ է և խիստ կարևոր՝ այսօրվա դրությամբ մեր ռազմաարդյունաբերական բազայի տեխնիկական և տեխնոլոգիական բազաները հնարավորություն են տալիս իրականացնել տանկերի կապիտալ սպասարկում, հրթիռների սպասարկում և արդիականացում, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ռազմական սարքավորումների արտադրություն։
Ցավոք սրտի, այսօր մեր հանրության մեծ մասը չի հասկանում այս ամենի կարևորությունը, մինչդեռ ռազմական արդյունաբերությունը որոշիչ նշանակություն ունեցող ճյուղ է, և չկա այսօր ոչ մի լուրջ տերություն, որի տնտեսության ու տեխնոլոգիական առաջընթացի գլխավոր շարժիչ ուժը չլինի հենց ռազմական արդյունաբերությունը։
Վերցնենք, օրինակ, նույն Ադրբեջանի ու Հայաստանի օրինակը։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Ռուսաստանից շուրջ 100 հատ Տ-90 տանկ է գնել, իսկ Հայաստանը շարունակում է իր տանկային պարկում առկա Տ-72Բ-երով բավարարվել, և թանկարժեք Տ-90-ների փոխարեն մենք մեր Տ-72Բ-երն արդիականացնում ենք Լեհաստանում, ինչի արդյունքում ավելի մատչելի գներով ստանում ենք իր տեխնիկական պարամետրերով Տ-90-ներին առնվազն շատ չզիջող տանկեր։ Սակայն այստեղ հարցը մենակ գնում չէ։ Հարցը նրանում է, որ մարտական և ոչ մարտական պայմաններում, եթե ադրբեջանական Տ-90-ի էլեկտրոնիկան շարքից դուրս գա, կամ էլ ինչ-որ այլ տեխնիկական անսարքություն լինի, ապա Ադրբեջանը ստիպված կլինի այդ տանկն ուղարկել Ռուսաստան, որպեսզի արտադրողը վերացնի անսարքությունը, ինչն առաջին հերթին ժամանակատար, իսկ հետո՝ ծախսատար բան է։ Ասեմ ավելին, Ադրբեջանը որոշ ժամանակը մեկ, ուզի-չուզի, պետք է տանկն ուղարկի Ռուսաստան՝ կապիտալ սպասարկում ու նորոգում անցնելու համար, քանի որ իրենց արդյունաբերական բազան բավարար զարգացած չէ այդ խնդիրն ինքնուրույն կատարելու համար։
Իսկ Հայաստանի պարագայում խնդիրը լուծվում է շատ ավելի հեշտ, քանի որ վնասված ու նորոգման կարիք ունեցող տանկերի սպասարկման գրեթե ողջ ցիկլը հնարավոր է իրականացնել այստեղ, ինչը խաղաղ ժամանակ նշանակում է պարզապես միջոցների խնայում, իսկ երբ պատերազմը սկսվի՝ զրահատեխնիկայի կորուստների շատ ավելի արագ լրացում, քան հակառակորդի մոտ, ինչը ռազմավարական նշանակություն ունի։
Մոտավորապես նույն պատկերն էլ տիրում է սպառազինությունների այլ տեսակների ոլորտում։ Եթե չխորանանք տեխնիկական դետալների մեջ ու ժողովրդական լեզվով բացատրենք, ապա կարելի է ասել, որ մենք այսօր ստեղծում ենք մի բազա, որը թեև չի կարող ինքնուրույն արտադրել, ասենք, Ս-300, բայց կարող է Ռուսաստանից շատ էժան գնով գնել Ս-300-ի հին հրթիռներ, Հայաստանում դրանք ինքնուրույն արդիականացնել ու արդյունքում ստանալ հրթիռներ, որոնք իրենց պարամետրերով չեն զիջում մի քանի անգամ ավելի թանկարժեք ավելի թարմ մոդիֆիկացիաների հրթիռներին։
Այս ամենի կենսունակության համար անհրաժեշտ են երեք հիմնական գործոններ. քաղաքական ու կազմակերպչական կամք, անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ ու, իհարկե, մասնագիտական կադրեր, և դատելով ՊՆ-ի վերջին ակտիվությունից՝ այս ամենն իրենք էլ են շատ լավ հասկանում և ինտենսիվորեն զբաղվում են այդ ուղղությամբ։ Կամքի առկայության մասին փաստում են օր օրի շատացող ու ընդլայնվող ձեռնարկությունները, միջոցների առկայության մասին խոսում են արդեն իսկ հանրությանը ցուցադրվող պատրաստի պրոդուկտներն ու հեռանկարային նախագծերը, իսկ կադրերի կարևորման մասին փաստում է նույն ռեկտորների հետ համագործակցությունը, ովքեր հանդիսանում են այն հաստատությունների ղեկավարներ, որոնք էլ պետք է մատակարարեն մեր ռազմաարդյունաբերական համալիրը համապատասխան մասնագետներով։



