Lurer.com–ը գրում է.

Նավթի էժանացումից հետո Ադրբեջանի պետական կառույցներում սկսված զանգվածային կրճատումները նոր թափ են առել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, այս անգամ կրճատումներն արվում են տարիքային ցենզի անվան տակ:

«Եթե նախկինում տարիքավոր աշխատակիցներին ազատում էին աշխատանքից պետական կառույցները երիտասարդ կադրերով համալրելու անվան տակ, այժմ այդպես չէ, հիմա պարզապես կրճատումներ են ընթանում: Այսինքն՝ տարիքային ցենզի պատճառաբանությամբ աշխատանքից ազատվողները երիտասարդ կադրերով չեն փոխարինվում», -թերթին հայտնել է կառավարական աղբյուրը:

Նշվում է, որ կրճատումներն ընթանում են բոլոր պետական կառույցներում: Աղբյուրի խոսքով՝ տարիքային ցենզի պատճառով կրճատումների արդյունքում հազարավոր մարդիկ կկորցնեն աշխատանքը:

«Դեռ անցյալ տարի մանկավարժների՝ տարիքային ցենզից ելնելով կրճատումների պատճառով ավելի քան 10 հազար մարդ կորցրեցին աշխատանքը: Իսկ այժմ կրճատումներ են կատարվում բոլոր պետական կառույցներում», -հայտնել է աղբյուրը՝ նշելով, որ գործազուրկների բանակը համալրողների թիվը Ադրբեջանում կարող է հասնել հարյուր հազարների:

Նավթի համաշխարհային գների անկման հետ կապված՝ Ադրբեջանի նավթի և գազի արդյունահանման և վերամշակման ոլորտում սկսված զանգվածային կրճատումները տարածվել են բոլոր ոլորտների վրա:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 44 դոլարով ցածր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել