Newsline.am-ը գրում է.
Ռուանդայում իրականացված ցեղասպանությունից ուղիղ 21 տարի անց Ռուանդայի ժողովուրդը հայտնվել է մի իրավիճակում, երբ ստիպված է պայքարել ցեղասպանությունը ժխտողների փորք, բայց վտանգավոր խմբի դեմ, գրում է All Africa պարբերականը:
«Շարունակենք պայքարել ցեղասպանության ժխտողականության դեմ»վերնագիրը կրող խմբագրականում գրված է, որ ժխտողականությունը ցանկացած ցեղասպանության վերջին փուլն է, որն ապացուցում են նաև Հայոց ցեղասպանությունը, Հոլոքսոթը և բոսնիացիների ցեղասպանությունը:
«Ժխտողականությունը հետագայում էլ ցեղասպանություն իրագործելու մանրակրկիտ պլանի անբաժան մասն է»,- ասված է հոդվածում:
Ըստ աֆրիկյան պարբերականի՝ մարդկության դեմ գործած հանցագործությունն, իր ողջ ամոթով, ստիպում է վերանայել տվյալ ցեղասպանության պատմությունը:
Հոդվածում նշված է, որ Ռուանդայի ժողովուրդը պետք է շարունակի բարձրաձայնել 21 տարի առաջ ապրիլի 7-ին Ռուանդայում սկսված թութսիների ցեղասպանության փաստը, որին զոհ է գնացել ավելի քան 1 միլիոն մարդ, և ստիպել մարդկությանը հիշել 1994 թվականին թութսիների ցեղասպանությունը և դրա հետ կապված իրադարձությունները:
Ըստ պարբերականի՝ ցեղասպանություն վերապրած ժողովուրդների պարտավորությունն է՝ օգտագործել իրավական բոլոր միջոցները՝ որևէ մեկին ցեղասպանություններն անտեղի շահարկումն ու խեղաթյուրումը թույլ չտալու համար:
«Սա պետք է իրագործվի կայուն կրթության, տանը և արտերկրում ցեղասպանության թեմայով հրապարակային դասախոսություններ կարդալու, այլ երկրներում ցեղասպանությունների ժխտումը պատժող օրենքները քարոզելու, ինչպես նաև դասագրքերում, ԶԼՄ-ներում և հրապարակումներում ճշտարտությունը ասելու միջոցով»,- ասված է հոսվածում:
1994-ի ապրիլի 6-7-ի հեղաշրջման արդյունքում Ռուանդայում իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը, կազմված երկրում մեծամասնություն կազմող հութու ազգության ներկայացուցիչներից, ցեղասպանություն իրագործեց երկրում: Ցեղասպանության զոհ դարձան երկրի ազգային փոքրամասնություն կազմող թութսիները:
Երկրում սպանվեցին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր կարող էին կայունացնել իրավիճակը և թույլ չտալ թութսիների կոտորածը: Կոտորածները սկսվեցին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում, որտեղ հութու ծայրահեղականների կողմից ստեղծված խմբավորումները փակեցին քաղաքից դուրդ եկող ճանապարհները:
Ֆրանսիան Ռուանդայում ապահով գոտի ստեղծելու համար խաղապահ ուժեր ուղարկեց Ռուանդա, սակայն նրանք ոչ մի քայլ չարեցին՝ ցեղասպանությունը կանխելու համար: Ռուանդայում պնդում են, որ Ֆրանսիան տեղյակ է եղել հութույի խմբավորման կողմից թութսիների ցեղասպանության մտադրության մասին և նույնիսկ վարժեցրել է հութույի աշխարհազորայիններին:
100 օրում Ռուանդայում սպանվեց տարբեր տվյալներով 500 հազարից մինչև 1․030․000 մարդ: Պաշտոնական Փարիզը դեռևս չի ընդունել թութսիների ցեղասպանության մեջ Ֆրանսիայի մասնակցությունը: Միայն Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Ռուանդա կատարած այցի ժամանակ, խոսել էր թութսիների ցեղասպանության հարցում ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ այլ երկրների սխալների մասին:
Այսօր All Africa պարբերականում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված բաց նամակում կոչ է արվում Ֆրանսիային վերջ դնել թութսիների ցեղասպանության հետ կապված լռությանը և ճշմարտությունը հայտնել 1994 թվականին Ռուանդայում իրագործված ցեղասպանության մասին:
Նամակում, որի տակ ստորագրել են «Եվրոպայի Ժողովրդական հակառասիստական շարժման» անդամները, մասնավորապես ասված է.
«Պարո՛ն նախագահ, ապրիլի 24-ին՝ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին, Դուք կլինեք Երևանում: Անկասկած, կգտնեք այդ իրադարձությունը նկարագրելու համար վերամբարձ խոսքեր: Ապրիլի 7-ին, 1994 թվականին Ռուանդայում թութսիների ցեղասպանության օրը, Դուք Ռուանդայում ներկա չեք լինի և չեք խոսի ճշմարտության մասին»,- ասված է բաց նամակում:
Հետևաբար հարց է առաջանում, թե ինչու է Ֆրանսիան «այսքան տարբեր մոտեցումներ դրսևորում ցեղասպանությունների՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների նկատմամբ»,- ասված է նամակում:
«Ինչի՞ համար է այս լռությունը: Հենց լռությունը, այլ ոչ թե պատմական ճշմարտության բարձրաձայնում է վարկաբեկում Ֆրանսիան»: