Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տեղի ունեցող առանձին իրադարձությունների հաջորդականությունն ուշագրավ է՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով Թեհրանի և վեցյակի նախնական փոխպայմանավորվածությունների կայացումն անհնար կլիներ մինչև Ուկրաինայի փաստացի տրոհումն ու Թուրքիայի տարածքով ռուսական գազի եվրոպական տարանցման վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի և Անկարայի գործարքի հաստատումը: Իրանի հանդեպ Արևմուտքի պատժամիջոցների ռեժիմի մեղմացումը կամ վերացումը Թուրքիային լավ հնարավորություն է ընձեռում նաև իրանական գազի եվրոպական հավանական տարանցման մենաշնորհի տերը դառնալ: Այսինքն՝ այնպես է ստացվում, որ Անկարայից է կախված լինելու Եվրոպայի գազամատակարարման ճակատագիրն ինչպես ռուսական, այնպես էլ իրանական գազի մասով: Ավելին՝ Անկարան Մոսկվայի ու Թեհրանի երկկողմ հարաբերություններում երրորդ կողմի դեր ձեռք բերելու լավ հնարավորություն է ստանում: Այս առումով գուցե որոշ նրբություններ պարզվեն թուրք ղեկավարի վաղը Թեհրան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում: Եթե էներգակիրների տարանցման հարցում թուրք-իրանական համագործակցությունն իրողություն դառնա, ապա դա անուղղակիորեն կհաստատի նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների “աննախադեպ վատթարացման” վերաբերյալ շրջանառության մեջ դրված լուրերի կեղծ լինելը: Օրինակ թուրք-իսրայելական հարաբերությունների “աննախադեպ վատթարացումն” այն ծխածածկույթը դարձավ, որը թույլ տվեց քողարկել Իսրայելի ավանդական հակառակորդներ Եգիպտոսի, Լիբիայի, Սիրիայի և Իրաքի տապալմանը Թուրքիայի ակտիվ մասնակցության բուն նպատակները: Առահասարակ, Մերձավոր Արևելքում նոր իրավիճակ է ձևավորվում, որի արդյունքում Թուրքիային, Իրանին ու Սաուդյան Արաբիային նոր դերակատարում և կշիռ ձեռք բերելու հնարավորություն կընձեռվի: Եմենում տեղի ունեցող ռազմական բախումները կարող են հանգեցնել նրան, որ Սաուդյան Արաբիան իր վերահսկողության տակ առնի, կամ, պարզ ասած՝ օկուպացնի այդ երկրի հարավ-արևմտյան շրջանները և իր կառավարմանը ենթարկի Հնդկական օվկիանոսից Կարմիր ու Միջերկրական ծովեր տանող միակ նավարկելի ճանապարհը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/598591540276541
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել