Lragir.am-ը գրում է.
Կիրակնօրյա նոթեր
  
1915-ի ցեղասպանության սարսափները հայտնի են ականատեսների վկայություններից։ Պատմաբանները շատ ջանքեր են թափել, որպեսզի ապացուցեն ջարդերի պետական կազմակերպումը, ինչը հետին պլան է մղել «հասարակ» մարդկանց մասնակցությունը՝ ոչ միայն քուրդ ցեղախմբերի, այլև թուրք բնակչության։
Մինչդեռ, ըստ Գրիգորիս վարդապետ Պալաքյանի, ով մահվան քարավանների հետ հասել է մինչև Դեր-Զոր և հրաշքով փրկվել մահից, կոտորածներին մասնակցել են նույնիսկ ծծկեր երեխաների գրկած թուրք կանայք (Գր. Պալաքյան. Հայ գողգոթան, Բեյրութ, հատոր Ա,  էջ 276-77)։ Նա պատմում է, որ գաղթականները երբեմն օգնություն են ստացել այլազգիներից, թեև խստագույն արգելքներ կային, հակառակ «թուրքերուն, որոնք տրված հրամանները ոչ միայն գործադրեցին մանրամասնորեն, այլև գերազանցեցին զանոնք, անասնական բնազդով, որովհետև անոնց գլխուն և սրտին մեջ մարդկային ամեն զգացում բացակա էր»։
Ցեղասպանության թուրքական «արտադրությանը» բնորոշ մի դրվագ է նկարագրվում արևմտահայ գործիչ Արամ Անտոնյանի «Մեծ ոճիրը» հուշա-փաստագրական հիմնարար գրքում։ Դեր-Զոր են քշվում արդեն որբացած 300 հայ մանուկներ, նրանք այնքան քաղցած են, որ երբ իրենց ուղեկցող օնբաշու ձին թրքում է, հարձակվում են արտաթորանքի միջից վարսակի հատիկներ գտնելու։ Ձին դրանից խրտնում է, և կատաղած օնբաշին թրատում է բոլորին («Մեծ ոճիրը», Կ. Պոլիս, 1921, էջ 197)։
Այս հղումները Ցեղասպանության զարհուրանքները հիշեցնելու համար չեն, այլ հրեա մի 15-ամյա պատանու հուշագրության միջոցով համեմատելու մահվան գերմանական «արտադրությունը» թուրքականի հետ, նաև հեղինակային «անհույզ» նկարագրությունը՝ հայ գրականության մազոխիստական «կոթողի» հետ, որը լալահառաչ արտասանում են ասմունքողները և ամեն ապրիլի եռանդուն տարածում են հայկական հեռուստաալիքները։
Պատանին Իմրե Կերտեսն է, Նոբելյան մրցանակակիր միակ հունգարացի գրողը (2002), հատվածը՝ ընտրված նրա ամենահայտնի՝ «Անբախտություն» գրքից, հայերեն լույս է տեսնում առաջին անգամ, թարգմանել եմ բնագրից։
«Եվ այստեղ մենք՝ բոլորս, ուզում էինք դա, թե ոչ, բայց ստիպված էինք լուրջ ուշադրություն դարձնել հոտին։ Անվանել, ճանաչել այն ինձ համար դժվար էր. քաղցրավուն, կպչունոտ ինչ-որ ծանոթ քիմիական հոտ՝ խառն ուրիշ մի բանի հետ այնպիսի համադրությամբ, որ ես լրջորեն վախեցա, թե կերածս հացը հետդարձի ճամփան կբռնի։ Մենք արագ որոշեցինք, որ նրա աղբյուրը ծխնելույզն էր, որը երևում էր ձախ կողմից, խճուղուց ահագին հեռու։ Դա ակնհայտորեն գործարանային ծխնելույզ էր, այդպես ասաց մեզ ավագը, և այն իրոք էլ գործարանայինի տեսք ուներ, ընդ որում, ըստ ամենայնի՝ կաշեգործարանի, ինչպես շատերը ենթադրեցին։ Իրականում ես էլ հիշեցի, որ երբ հայրիկիս հետ, անցած-գնացած ժամանակներում, Ույպեշտ[i] էինք ուղևորվում ֆուտբոլ նայելու, տրամվայը մեզ տանում էր կաշվի գործարանի մոտով, և ես ստիպված էի լինում այդ տեղում քիթս բռնել։ Իսկ ընդհանուր առմամբ նոր լուր տարածվեց, թե այդ գործարանում մենք, բարեբախտաբար, չենք աշխատելու։ Եթե ամեն ինչ կարգին լինի, եթե տիֆը, դիզենտերիան կամ այլ համաճարակ չսկսվի, ապա շուտով,- հուսադրեցին մեզ,- մենք կշարժվենք դեպի ուրիշ, ավելի հաճելի վայրեր։ Այդ պատճառով էլ մեր հագուստին և, գլխավորը, մաշկին առայժմ ոչ մի համար չկա, ինչպիսին ունի մեր ավագը կամ «բարաքի պարետը», ինչպես որ նրան այժմ կոչում էին։ […]
Բոլոր դեպքերում դրանից հետո մերոնք սկսեցին ավելի եռանդուն պտտվել բարաքի պարետի և նրա երկու օգնականների շուրջը. ասես իմիջիայլոց մարդիկ մոտենում էին նրան, հարցեր ուղղում, ջանալով դուրս կորզել այն, ինչն ամբողջովին պարզ չէր, իսկ հետո շտապում էին մյուսներին փոխանցելու լսածը։ Շատերին, օրինակ, մտահոգել էր համաճարակների մասին ակնարկը. իսկ ի՞նչ է, այստեղ համաճարակնե՞ր էլ են պատահում։ «Պատահում են»,- հնչում է հակիրճ պատասխանը։ Եվ ի՞նչ է կատարվում հիվանդների հետ։ «Մեռնում են»։ Իսկ երբ որ մեռնու՞մ են։ «Նրանց այրում են»,- լսում ենք մենք։ Ճիշտն ասած, կամաց-կամաց պարզվեց, թեև չեմ կարող հստակ ասել, թե ինչ կերպ պարզվեց, մի խոսքով, ծխնելույզը, որ երևում էր այնտեղ, մեր դիմաց, իրականում բոլորովին էլ կաշվի գործարան չէ, այլ «կրեմատորիում», այսինքն՝ դիակիզարան, այդպես ինձ բացատրեցին այդ բառը։ Ես այդ ժամանակ ավելի ուշադիր նայեցի. ծխնելույզը ցածրամած էր, անկյունավոր, լայն բերանով՝ կարծես վերևի ծայրը մի հարվածով կտրած։ […] Մի փոքր այն կողմ, ամեն անգամ զարմանալով, մենք տեսանք ևս մեկ, հետո ևս մեկ և արդեն ինչ-որ տեղ հորիզոնում, շողշողուն երկնակամարի ամենաեզրին ևս մեկ նման ծխնելույզ. դրանցից՝ նոր հայտնաբերված ծխնելույզներից երկուսը թանձր, մերի նման, ծուխ էին արձակում, և հավանաբար իրավացի էին նրանք, ովքեր կասկածանքով էին նայում ծխի քուլաներին, որ երկինք էին բարձրանում հեռավոր, ճլորած կանաչով պուրակից. երևի նրանք հարց էին տալիս, իմ տեսանկյունից, շատ բնական՝ եթե այստեղ այսքան դիակ կա, դա արդյոք չի՞ նշանակում, որ համաճարակը մոլեգնում է։
 
Հստակորեն կարող եմ ասել. դեռ առաջին օրվա երեկոն չկար, իսկ ես, ընդհանուր գծերով, արդեն ամեն ինչից գլուխ էի հանել։ […] Այժմ ես գիտեի, որ այնտեղ, մեր դիմաց, հենց այդ պահին վառարանում վառվում էին նրանք, ովքեր մեզ հետ գնացքում էին, ովքեր կայարանում ցանկացան բեռնատար մեքենա նստել, ում, տարիքի կամ որևէ այլ պատճառով, բժիշկը պիտանի չհամարեց աշխատանքի համար, ինչպես նաև ճստլիկներն ու իրենց մայրիկները, էլ չասած ապագա մայրերի մասին, որոնց կազմությունը մատնում էր հղիությունը,- այդպես մեզ ասացին։ Կայարանից նրանց նույնպես բաղնիք են տարել։ Նրանց էլ, մեզ նման, պատմել են կախիչների մասին, համարների, որոնք պետք է լավ հիշել, այն մասին, թե որտեղ և ինչպես են լողանալու: Ասում են, նրանց էլ էին վարսավիրները սպասել, և օճառ նրանց էլ են տվել, ինչպես մեզ: Հետո նրանք էլ են ընկել խողովակներով ու լոգանքի ցնցուղներով լողարանը, միայն թե այդ ցնցուղներից նրանց վրա ոչ թե ջուր, այլ գազ են բաց թողել: […] Ականջիս հասավ, որ ընդհուպ մինչև գազախուցը մարդկանց հետ քաղաքավարի են եղել, նույնիսկ սիրալիր՝ նրանց շրջապատելով ջերմությամբ և հոգատարությամբ, երեխաները գնդակ են խաղացել ու երգել, իսկ տեղը, ուր նրանց սպանել են, շատ գեղեցիկ է, խնամված, գազոնով, ծառերով ու ծաղկաթմբերով շրջապատված...
 
Եվ մի բան էլ ինձ մտածելու տեղիք տվեց այդ ամենաառաջին օրը. մեզ հայտնի դարձավ, որ այդ տեղը, այդ հաստատությունը գոյություն ունի, գործում է այստեղ արդեն քանի՜ տարի, ամսեամիս, օրեցօր, և, չնայած ես հասկանում էի, որ միգուցե չափազանցնում եմ, բայց այն կարծես սպասում էր ինձ։ Բոլոր դեպքերում,- հիշում էին շատերը յուրօրինակ, երկչոտ հարգանքով,- մեր բարաքի կալանավոր պարետն ապրում էր այստեղ ուղիղ չորս տարի։ Միտքս ընկավ, որ հենց չորս տարի առաջ նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ իմ կյանքում. ինձ գիմնազիա ընդունեցին։ Հիշողությանս մեջ մնացել էր ուսումնական տարվա հանդիսավոր բացումը. ես, իհարկե, նույնպես այնտեղ էի, հագիս՝ երիզավոր մուգ-կապույտ հունգարական բաճկոն։ Ես մտապահել էի նաև տնօրենի խոսքերը, նա պատկառելի արտաքինով մարդ էր՝ աչքերիս առաջ է, մեծավորի իր տեսքով, գեղեցիկ ալեհեր բեղերով և քթին խիստ պենսնե։ Իր ելույթի վերջում նա մեջբերեց ինչ-որ անտիկ իմաստունի բառերը. «Non scolae sed vitae discimus», այսինքն՝ «Ոչ թե դպրոցի համար ենք սովորում, այլ կյանքի»։ Բայց որ այդպես է, ուրեմն, մեզ պետք է սկզբից մինչև վերջ պատրաստեին Օսվենցիմին։ Դեռևս գիմնազիայում պետք է մեզ ամեն ինչ բացատրեին՝ բաց, ազնիվ, մատչելի։ Միայն թե՝ այ քեզ փորձանք. չորս տարում ես այնտեղ բառ իսկ չեմ լսել այդ մասին։ […] Փոխարենը ես այժմ ստիպված էի հատուցել. չէ որ ես միայն այստեղ լրացրի իմ կրթության բացերը, իմացա, օրինակ, որ տեղը, ուր մենք գտնվում ենք, կոչվում է Konzentrationslager, այսինքն՝ համակենտրոնացման ճամբար... 

Բուդապեշտի արվարձաններից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել