Panorama.am-ը գրում է.
«Իրանը Թուրքիայից որևէ սպասելիք չունի, մենք այդ երկրի կարիքը չունենք»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմադ Հասան Ասֆարին:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրանի հասցեին արած հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Իրանի արտաքին գործերի նախարարությունից նվազագույնը, ինչ սպասում եմ, այն է, որպեսզի երկրից վտարվի Թուրքիայի դեսպանը: Քանի դեռ Թուրքիայի կառավարությունն Իրանի ժողովրդից ներողություն չի խնդրել, դեսպանի վտարմամբ հնարավոր կլինի կանխել Էրդողանի այցն Իրան»:
«Իրանը Թուրքիայի կարիքը չունի, նրանք ոչինչ չունեն, որպեսզի մեզ օգնեն, ընդհակառակը, դեռ որոշ ոլորտներում մենք ենք արտահանում կատարում Թուրքիա, եթե դա ընդհատենք, ապա Թուրքիան լուրջ խնդիրներ կունենա»,-հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամը:
Հավելենք, որ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրն օրերս Էրդողանի հայտարարությանն ի պատասխան, նշել էր. «Ռեջեփ փաշան, միջամտելով տարածաշրջանի երկրների ներքին գործերին, մասնակից է եղել Սիրիայում ավելի քան 130 հազար անմեղ մարդկանց սպանությանը: Կարծում եմ ներկա պայմաններում Էրդողանը պարզապես չի կարող այցելել Իրան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



