Տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանի, երևի շուտով նաև Իսրայելի համար, Հայաստանում որոշ մարդիկ ավելի անհանգստացած են Իրանի շուրջ ստեղծված նոր իրավիճակում, քան, ասենք, ռուսական փորձագիտական շրջանակներն են: Դեռ ռուս փորձագետները ձայն չհանած՝ մեզ մոտ արդեն կուրծք են ծեծում, որ Իրանի նկատմամբ սանկցիաները հանելու դեպքում զգալիորեն թուլանալու է Ռուսաստանի դերը, իսկ դա նշանակում է Հայաստանի թուլացում, ֆլան-ֆստան: Նորմալ է անձնական մասնագիտական կողմնորոշումներ ունենալու համար, բայց արդեն աննորմալ է, երբ դրանք փորձ է արվում համեմել ազգային-պետական շահերի պաշտպանության մղումով:
Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանային և գլոբալ մակարդակով լուրջ կոնյուկտուրային փոփոխությունների կարող է բերել, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, հետևաբար որևէ մեկը դեռ երաշխիք չունի, թե արդյո՞ք դա բացասական է ազդելու Հայաստանի վրա: Իհարկե, դաշնակից պետությունների` տվյալ դեպքում Ռուսաստանի համար կարելի է անհանգստանալ, բայց միշտ առաջին հերթին պետք է սեփական գոյության մասին անհանգստանալ: Իսկ ի՞նչ էր լինելու, եթե իրանական խնդիրն ի վերջո հանգեր ռազմական լուծման տարբերակին կամ դրան տանող որևէ տարբերակի, շահելու էի՞նք: