Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որևէ փորձ. ՀՀ ԱԺ նախագահPanorama.am-ը գրում է.

Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել, որ նման փոխայցերը մեր երկրների եղբայրական դարավոր կապերի, պատմական և մշակութային ընդհանրությունների, հոգևոր արժեքների, հայ և կիպրացի ժողովուրդների միջև հաստատված փոխըմբռնման և վստահության լավագույն վկայությունն են: ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր ժողովուրդները դարեր շարունակ քայլել են կողք կողքի՝ նեցուկ լինելով միմյանց դժվար պահերին:

Իր երախտիքի խոսքն ուղղելով Կիպրոսի խորհրդարանի նախագահին՝ ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ Կիպրոսի խորհրդարանը դեռևս 1975 թվականին է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել:

«Մենք երախտապարտ ենք Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին օգնության ձեռք մեկնելու և ապաստան տալու համար: Այսօր կիպրահայ համայնքի ներկայացուցիչները Կիպրոսի իշխանությունների շնորհիվ լիովին ինտեգրված են կիպրական հասարակությանը, ինչպես նաև զգալի դերակատարություն ունեն իրենց երկրորդ հայրենիքի հասարակական և քաղաքական կյանքում»,- իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:

Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը և այդ համատեքստում մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ Հայաստանի և Կիպրոսի միջև խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում որակապես առավել բարձր մակարդակի են հասել: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը հետամուտ է շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ բոլոր ձևաչափերով, հնարավոր բոլոր ոլորտներում և ուղղություններով՝ նկատի ունենալով Հայաստանի պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել