Ոնց հիշում են, վերջին 25 տարում երևի ամենաշատ փոփոխվածը եղել է չարաբաստիկ ՀՀ ընտրական օրենսգիրք կոչվածը: Հիմա էլի կանգնած ենք այն փոփոխելու անհրաժեշտության առաջ: Էլ վենետիկի հանձնաժողովի եզրակացություններ, էլ այս կամ այն քաղաքական ուժի առաջարկներ, էլ ընտրատարածքների թվի փոփոխություններ, էլ վստահված անձանց, դիտորդների և այլ մասնակիցների լիազորություններ ավելացումներ, էլ իրավունքների սահմանափակումների վերացումներ, էլ մեծամասնականի և համամասնականի թվերի փոփոխություններ, ու այս ամենի ֆոնին, ինչքան հասկանում եմ, դեռ ընտրություններ կոչված կարևորագույն այս գործընթացը գնալով դառնում է ձևական, գնալով այս գործընթացները, համենայնդեպս ՀՀ քաղաքացիների մեծ մասի համար, դառնում են հավատ չներշնչող, դառնում անկարևոր գործընթացներ, չնայած այն հանգամանքին, որ իրականության մեջ այն պետք է հանդիսանար առաջնային նշանակության կարևոր գործընթացը, պետք է հանդիսանար ՀՀ քաղաքացու կողմից իր բաժին իշխանության իրականացման գործառույթ: Համենայնդեպս, այդ է հուշում ՀՀ մայր օրենքը: Մեղավորներ չփնտրենք, սա այն գործընթացն է, որտեղ մեղավորը բոլոր կողմերն են՝ թե ընտրողները, թե ընտրվող անձիք և կուսակցությունները, բայց հաստատ մեղքի ամենաքիչ չափաբաժինը ՀՀ ընտրական օրենսգրքինն է: Իրականության դեմ չմեղանչելու համար փաստենք, և կարծում եմ՝ շատերը կլինեն համաձայն այն մտքի հետ, որ չնայած ԸՕ-ի բարեփոխումներին, որոնք այս կամ այն չափով տեղի են ունեցել և ունենում են, գնալով ընտրությունից ընտրություն ունենում ենք գործընթացի և արձանագրված արդյունքների ավելի ու ավելի վատ վիճակ: Եվ այս պայմաններում նորից մեղքը բարդել օրենքի բացերի և անկատարության վրա, համարում եմ, որ այնքան էլ տեղին չէ:
Կարծում եմ՝ թեկուզ օրենքի անկատարության կամ թերի լինելու ֆոնին ամենակարևոր գործոնն է այստեղ բացակայում: Դա, ըստ իս, ընտրական գործընթացներին մասնակցող ՀՀ քաղաքացու, մասնակից քաղաքական կուսակցությունների և անհատների մոտեցումների մեջ է:
Կմոտենա՞նք գործընթացին արժանապատվորեն և մեր իրավունքները հարգելով, չե՞նք ընկրկի այս կամ այն ազդեցիկ կամ պաշտոնյա անհատի առջև, չե՞նք վաճառի մեր ընտրական իրավունքը կամ չե՞նք փոխարինի ինչ-որ «ծառայություններով», կուզենա՞նք ընտրություն կատարել ապագայի տեսլականի սպասումներով և գաղափարական հենքի վրա՝ կունենանք լավ ընտրություններ:
Մի խոսքով, կձևավորե՞նք գաղափարների, ծրագրերի և դրանք կյանքի կոչելու երաշխիքների «պահանջարկ», այդ դեպքում միայն կունենանք քաղաքական ուժերի, գործընթացներին մասնակից ընտրվելու հավակնություններ ունեցող անհատների կողմից նույն այդ գաղափարների, ծրագրերի և դրանք կյանքի կոչելու երաշխիքների «առաջարկ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/800731116684752
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել